Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ մուտք գործելու համար

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ մուտք գործելու համար:

ԱՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս.

Կա՛մ ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության սերտիֆիկատ,

Կա՛մ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով, մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ 2 նվազագույնը 28 օր (4 շաբաթ) առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ, մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ,

Բացասական թեստի կամ պատվաստման սերտիֆիկատ չի պահանջվում մինչև 1 տարեկան (0-ից մինչև 11 ամսական 29 օրական) երեխաների համար,

Սերտիֆիկատի բացակայության դեպքում անձը ենթակա է ՊՇՌ հետազոտության համար նմուշառման՝ օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը: ՊՇՌ հետազոտության արդյունքները գրանցվում են ԱՐՄԵԴ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

ՊՇՌ թեստի սերտիֆիկատը լինում է կա՛մ հայերեն, կա՛մ ռուսերեն, կա՛մ անգլերեն` հետազոտությունն իրականացրած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), հետազոտության արդյունքը, նմուշառման տարեթիվը (օր, ամիս, տարի) և ժամը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով,

Պատվաստման սերտիֆիկատը լինում է կա՛մ հայերեն, կա՛մ ռուսերեն, կա՛մ անգլերեն` պատվաստումն իրականացրած կազմակերպության ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով պատվաստված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, յուրաքանչյուր դեղաչափի ներարկման տարեթվերը (օր, ամիս, տարի), ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով կամ պարունակում է գծիկային կոդ (QR կոդ), որի միջոցով հնարավոր է ստուգել նշված պատվաստման սերտիֆիկատին ներկայացվող բոլոր պահանջները։

Կարելի է ներկայացնել նաև այնպիսի սերտիֆիկատ, որի ընդունելի լինելու մասին տրվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի համաձայնությունը՝ ելնելով փոխադարձության սկզբունքից։ Պատվաստման սերտիֆիկատը անձը կարող է ներկայացնել նաև բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից գեներացված թղթային տարբերակով:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով