Խորհրդարանական ընտրություններին իմ չմասնակցելու մասին.Արփինե  Հովհաննիսյան

Աժ նախկին փոխնախագահ,  «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ ղեկավարմ  Արփինե  Հովհաննիսյանը   ֆեյսբուքյան  իր  էջում գրել է

Հարգե՜լի հայրենակիցներ,
կարծում եմ այս օրերին ամենակարևոր տեղեկատվությունը չէ, բայց քանի որ չափազանց շատ են հարցերը, ուստի որոշեցի հակիրճ անդրադառնալ իմ` խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու հարցին:
Հաշվի առնելով իմ երբեմնի կուսակցական անցյալը հարցերը հաճախ հնչում են` ինչու համապատասխան դաշինքի ցուցակում չեմ: Ասեմ, որ դա եղել է իմ և կուսակցության` փոխադարձ ընկալման վրա հիմնված որոշում:
Որևէ այլ ցուցակում չլինելը ունի երկու պատճառ` օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվն այն է, որ «բաղձալի» մանդատի համար ցուցակից ցուցակ ( հաճախ անգամ իրար բացառող) թռիչքաձև հայտնությունները դեմ են քաղաքականության իմ պատկերացրած մոդելին ու սկզբունքներին:
Սուբյեկտիվն այն է, որ ես իմ հետագա աշխատանքը չեմ պատկերացնում խորհրդարանում ո՜չ իշխանական, ո՜չ էլ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում: Հայրենիքին ծառայելու բազում այլ ձևաչափեր կան: Իսկ հայրենիքի գոյության համար ես շարունակելու եմ իմ պայքարը ընդդեմ նիկոլիզմի, ընդդեմ ֆանատիզմի ու հանուն մեր լինելիության: Ես խենթի նման ու չափազանց եմ սիրում մեր երկիրը: Երկիրը պահպանելու հարցում օգնելու եմ այն լիդերին, ով ըստ իս առավել է ունակ հանել մեզ ճգնաժամից:
Թող ներեն ինձ բոլորը, բայց ավելի քան երբևէ սա ոչ թե կամ ոչ այնքան թիմի, որքան լիդերի ընտրություն է: Ոչ միայն այն պատճառով, որ թիմը միայն ցուցակը չէ, այլև, որ թիմի աշխատանքի որակը ուղղակիորեն կախված է լիդերից: Մենք տեսանք` ինչպես միջավայրային ու արժեբանական ախտահարման ենթարկվեցին պարտվածի կողքը հայտնված սակաթիվ պրոֆեսիոնալները: Հայաստանն այս պահին կարիք ունի ուժեղ, կամային, փորձառու ճգնաժամ հաղթահարողի: Մենք անդունդի հատակին ենք ու բարձրանալու համար մեզ պետք է մեկը, ով մեզ այնտեղից պարանով վերև կքաշի: Իսկ առաջադրված ցուցակները գլխավորող լիդերների մեջ ըստ իս կա մեկ անձ, ով ունակ է դա անել:
Ամեն ինչ լավ է լինելու: Աստված պահապան ձեզ ու ձեր ընտանքիներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով