Վախեցեք Փաշինյանի խոստումներից, դրանք փլուզելու, աղետի հասցնելու ունակություն ունեն. Էլինար Վարդանյան

 

Վախեցեք Փաշինյանի խոստումներից և հայտարարություններից։ Կյանքը ցույց է տալիս, որ Փաշինյանի ցանկացած խոստում վտանգավոր է այդ ոլորտի փլուզման հեռանկարով։ Նա քանդում, ավիրում է այն ամենը, ինչի մասին որևէ խոսում է տալիս։

2018թ. օգոստոսին Փաշինյանը խրոխտ ձայնով հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ։ 2020թ. նոյեմբերին մենք արդեն կորցրել ենք Արցախի 75 տոկոսը։

2019թ. Փաշինյանը հայտարարում էր, որ մենք պետք է ունենանք տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակը, իսկ 2020թ. հուլիսին վերահաստատում էր, որ բանակը ամենամարտունակն է, այսօր մեր սահմանների պաշտպանությունը մնացել է հովիվների հույսին, հովիվն է դիմավորում ադրբեջանցիների առաջխաղացումը։

2021թ. մայիսի 3-ին նա կոշտ արձագանքեց առաջնագծի կահավորման վերաբերյալ հարցին, հայտարարելով, որ ինչ-որպետք է անում են և ոչ-ոք չի կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է։ Արվողի հսկայական մեծամասնությունը արվում է գաղտնի։ 2021թ. մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը առանց որևէ դիմադրության հատեցին մեր պետական սահմանը և մինչ օրս շարունակում են դիրքավորվել մեր տարածքում։

2019թ. հունիսի մեկին Փաշինյանն ասում էր. «Կեցցեն մեր երեխաները, որ ապրել և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում», պատերազմը ժամանակին չկանգնեցելու պատճառով զոհեց նրանցից 5000-ին։ Իսկ ազատ և երջանիկ Հայաստանը հասցվեց աղետի։

Այսօր արդեն Փաշինյանը նախընտրական խոստումների շրջանակներում հայտարարում է, որ բոլոր երեխաները մինչև 2025թ. կրթությունը պետք է սկսեն մսուրից, եթե պետք լինի կառուցելու է 400 մանկապարտեզ, մանկապարտեզաշինության և դպրոցաշինության համար եթե պետք լինի արտաքին պարտք կվերցնի, ուսուցիչները ատեստավորման արդյունքներով կստանան 30-50 տոկոս բարձր աշխատավարձ, գիտության, գիտաշխատողների ֆինանսավորման, աշխատավարձային ֆոնդը մինչև 2025թ. կքառապատկի, կստեղծի ակադեմիական քաղաք, պրոֆեսիոնալ բանակ, և այլն, և այլն։

Սրանք Փաշինյանի հերթական ստերն են, որոնք երբևէ իրականություն չեն դառնալու։ Այնպես, ինչպես իրականություն դառնալու որևէ շանս չուներ և չունի նրա մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությունը։

Վախեցեք Փաշինյանի խոստումներից, դրանք փլուզելու, աղետի հասցնելու ունակություն ունեն։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով