«Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացվել է 16 քաղաքացի, որից 10-ը երեխա է. ԱՆ

 

2021թ. հունիսի 19-ին «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացվել է աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում և լուծ) 16 քաղաքացի, որից  10-ը երեխա է, 6-ը՝ մեծահասակ: Հայտնում են առողջապահության նախարարությունից:

Հիվանդների վիճակը գնահատվել է ծանր և միջին ծանրության, հիվանդներից 2-ը, ում վիճակը գնահատվել է ծանր, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»:

Ներկա պահին «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացված հիվանդները դուրս են գրվել, իսկ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում հոսպիտալացված 2 երեխայի բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Դեպքի կապակցությամբ իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները Տավուշի մարզի Չինչին համայնքի բնակիչներ են, ովքեր մեկնել են Լոռու մարզ՝ էքսկուրսիայի: Ճամփորդության ընթացքում մասնակիցները կերել են տնային պայմաններում պատրաստված սնունդ՝ հավի եփած թևիկներ և հավի մսով փլավ: Նշված սնունդը էքսկուրսիայի ամբողջ ընթացքում պահպանվել է ոչ սառնարանային պայմաններում: Սննդից չի օգտվել միայն վարորդը, վերջինս ախտանշաններ չունի։

Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում կատարվել է հիվանդներից կենսանմուշների (փսխման զանգված և կղանք) և սննդի մնացորդների  նմուշառում՝ մանրէաբանական հետազոտության նպատակով:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով