Սուտն ու կեղծիքը ժողովրդին մատուցելու և դրանցով կառավարելու տեխնոլոգիաներն առկա են.Կարեն Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն  Ճշմարիտյանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրել  է.

Շատերը տարածում են որևէ մի անարժանի, ոչնչության, կամ տխմարի գրառում, արտահայտած մի հիմար խոսք, կամ տեսանյութ, և` վերևում, կամ մեկնաբանություններում քննադատում են, ծաղրում, կամ վիրավորում:
Հասկանալի է` «սիրտները հովանում է», բայց…
Տարածողները համոզվա՞ծ են, որ անխտիր բոլոր դիտողներն են ընկալում միարժեք, և ընդունում հենց իրենց խոսքն ու քննադատությունը, այլ ոչ թե նրա, ում խոսքը մեջբերում և տարածում են:
Իսկ միգուցե դրանով (տարածելով և փաստորեն զանգվածաբար կրկնելով այդ մտքերը) ավելացնու՞մ են նրանց համակիրների քանակը, կամ առավել ամրապնդում են արդեն եղածների մոտ խորն արմատացած հենց այն պատկերացումները, որոնք դաջված են նրանց ենթագիտակցության մեջ` ողնուղեղներում: Իսկ միգուցե դրանով նպաստու՞մ են այն տեղեկատվական կապի պահպանմանը, որով փոխանցվում են այդ մոտեցումներն ու մտքերը:
Չէ՞ որ նրանք բոլորը հենց այդ հիմար և սուտ խոսքին ու դիրքորոշումներին են հավատում, այդ մոտեցումներով են «սնվում» և առաջնորդվում: Հետևաբար, արդյո՞ք այդ նույն դատողությունների կրկնությունները չեն կարող առավել ամրապնդել դրանք` շարունակելով պահպանել դրանց հեղինակների և համակիրների միջև գոյություն ունեցող ինֆորմացիոն ու գաղափարական կապը:
Մտածենք…
Միգուցե ճշմարտությունը տեղ հասցնելու, և խաբված մարդկանց իրողություններին հաղորդակից դարձնելու այլ մեթոդներ էլ կան:
Մասնագետ չեմ, չգիտեմ, բայց այն որ վերը նկարագրվածն այնքան էլ արդյունավետ չէ` կարծես արդեն ակնհայտ է:
Ստացվում է, որ խաբված ու մոլորված մարդիկ այդ կերպ շարունակում են տեսնել ու լսել այն նույն խոսքը, որոնցով իրենց մանիպուլացնում են:
Այդպիսով լրատուներն ու ընդդիմադիր անհատները դառնում են այդ մոտեցումների փոխանցման ևս մի լրացուցիչ օղակ:
Չգիտեմ, հավանական է սխալվում եմ, բայց առաջին հայացքից ստացվում է հենց այդ տպավորությունը:
Անհասկանալի է…
Սուտն ու կեղծիքը ժողովրդին մատուցելու և դրանցով կառավարելու տեխնոլոգիաներն առկա են:
Արդյո՞ք առկա չեն նաև ճշմարտությունը մատուցելու և դրանով կառավարելու տեխնոլոգիաները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով