ՊԵԿ մոնիտորինգի կենտրոնի միջոցով հարկ վճարողների հետ երկխոսությունն ակտիվացել է

Ամսվա ընթացքում կենտրոնն ուղարկում է շուրջ 3000 ծանուցում

 

Պետական եկամուտների կոմիտեի մոնիտորինգի կենտրոնում ամեն օր մշտադիտարկվում է հարկ վճարողների վարքագիծը: Արդեն ավելի քան մեկ տարի ՀԴՄ-ների, հաշվարկային փաստաթղթերի միջոցով իրականացվող գործարքներից բացի իրականացվում է նաև եկամտային հարկի հայտարարագրման և աշխատողների ձևակերպման մոնիտորինգ, ինչի հետևանքով հարկ վճարողների հետ ծանուցումների եղանակով երկխոսությունն ակտիվացել է: Ամսվա ընթացքում կենտրոնը հարկ վճարողներին ուղարկում է շուրջ 3000 ծանուցում և նրանցից ստանում մոտ 600 բացատրություն:

Ինքնաշխատ համակարգի վերհանած ռիսկերը կրկնակի վերլուծում են մասնագետները` հաշվի առնելով հարկ վճարողի փաստացի գործունեության տեսակը, գործունեության իրականացման վայրը, սեզոնայնությունը և այլ առանձնահատկություններ, որպեսզի հարկ վճարողներին ուղարկվող ծանուցումները տեղին և հիմնավոր լինեն: Ռիսկային վարքագծի վերաբերյալ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության մոնիտորինգի բաժինն էլեկտրոնային ծանուցումներն ուղարկում է հարկ վճարողների անձնական գրասենյակներին հաշվետվությունների ներկայացման համակարգի միջոցով:

Բացահայտվում են ինչպես օրենքի չիմացության, այնպես էլ հնարավոր շրջանցման դրսևորումներ: «Օրինակ` երկու տարբեր հասցեներում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերը, որը չունի վարձու աշխատող, սննդամթերքի երկու խանութներում ՀԴՄ-ով գործարք է կատարում նույն ժամին, ինչը ֆիզիկապես հնարավոր չէ, հետևաբար հնարավոր է` առկա է չգրանցված աշխատողի ռիսկ»,-մանրամասնում է ՊԵԿ մոնիտորինգի բաժնի պետ Արմինե Նահապետյանը և հավելում, որ ռիսկային է նաև այն վարքագիծը, երբ մի քանի օր շարունակ նման խանութը ՀԴՄ-ով գործարք է կատարում միայն օրվա ավարտին:

Արմինե Նահապետյանը նշում է, որ հաճախ չեն համապատասխանում շրջանառության հարկի հաշվարկով հայտարարագրված և հաշվարկային փաստաթղթով կամ արտահանման մաքսային հայտարարագրով նշված իրացման շրջանառությունները: Նման դեպքերում ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության մոնիտորինգի բաժինը ծանուցումներն ուղարկում է համապատասխան հաշվարկի ներկայացման վերջնաժամկետին հաջորդող մինչև 5-րդ աշխատանքային օրը, ինչը հնարավորություն է տալիս հարկ վճարողներին խուսափել լրացուցիչ տույժերից:

Վարքագիծը չփոխելու, ծանուցումներին չարձագանքելու կամ հիմնավոր բացատրություններ չստանալու դեպքում հարկ վճարողների վերաբերյալ տվյալներն ուղարկվում են ՊԵԿ-ի այլ ստորաբաժանումներ: «Նախազգուշացմանը հաջորդում են հսկողական միջոցառումները` պարզելու համար որքանով է մոնիտորինգով բացահայտված ռիսկը ճիշտ: Բացի այդ, արդյունքներն օգնում են վերանայել և կատարելագործել չափանիշների համակարգը»,-ընդգծում է ՊԵԿ մոնիտորինգի բաժնի պետը: Նրա դիտարկմամբ` բիզնեսի հետ երկխոսության այս ձևաչափի շնորհիվ ոչ օրինապահ վարքագիծ ունեցող հարկ վճարողները կարող են ինքնուրույն և ամբողջությամբ հայտարարագրել հարկերը` չսպասելով տեսուչների այցին։

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարականության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով