Փաշինյանի թիմակիցներից ովքեր են հեռանալիս խոսել պետականության դեմ վտանգի մասին. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեկ ՀՀ արտաքին գործերի արդեն նախկին նախարար Արա Այվազյանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել հրաժեշտի խոսքի ժամանակ: Նա մասնավորապես նշել է. «Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբեւիցե որեւէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային եւ պետական շահի դեմ են եղել»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն՝ նա ըստ էության ակնարկում է, որ այս պահին կարող են արվել քայլեր, որոնք դեմ են մեր ազգային եւ պետական շահին: Ակնհայտ է, որ ԱԳՆ այս հայտարարությունն ազդակ է իրավապահ մարմինների համար, որոնք հերթական անգամ պարտավոր են պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցել:
Արա Այվազյանը միակն էր, որ հանդիսանալով Նիկոլ Փաշինյանի իշխանության նախարար՝ հանցագործության մասին հաղորդում տվեց նրա դեմ:

Բայց սա առաջին դեպքը չէ, երբ հեղափոխության միջոցով իշխանության եկած, ժողովրդավարության բաստիոն հռչակած հեղափոխական թիմի կոնկրետ անձինք հրաժարական են տալիս եւ վտանգներ մատնանշում երկրի, պետականության, ինքնիշխանության, Արցախին սպառնացող վտանգների մասին: Հիշեցնենք, որ 2019-ի սեպտեմբերին ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական տալիս Փաշինյանին սթափության կոչ արեց, ամսիներ անց նա դարձավ Փաշինյանի ամենամոլի քննադատողներից մեկը։ «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը», – նշել էր Արթուր Վանեցյանը:

Իր քայլը որպես սթափության կոչ էր բնորոշել նաեւ Ոստիկանության նախկին ղեկավար Վալերի Օսիպյանը:
Պատերազմի ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարած Միքայել Համբարձումյանը իր պաշտոնից հրաժարվելու պատճառներից մեկը համարում է այն հանգամանքը, թե ինչու պատերազմը շուտ չի դադարեցվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ զինված ուժերի շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը եւ շտաբի մյուս անդամներն իրենց հայտարարություններով պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ասելով. «ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ փորձելով պարզել՝ ինչ գործընթացներ կհետեւեն Արա Այվազյանի հայտարարություններին: Սպասում ենք հարցման պատասխանին:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով