Փաշինյանի քարոզչությունն իրականացվել է վարչական ռեսուրսի մեծածավալ կիրառմամբ, խոչընդոտվել է նաև լրագրողների աշխատանքը․ հայտարարություն

Ընտրությունների վերահսկման կոմիտեն, լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկման, ինչպես նաև՝ լրագրողների հետ զրույցի արդյունքում պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հունիսի 4-ին այցելել է Արարատի մարզ` նախընտրական քարոզչություն անելու նպատակով, ինչը զուգորդվել է մի շարք խախտումներով.

1. աշխատանքային ժամին վարչական ռեսուրսի մեծածավալ կիրառմամբ,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության խոսքի տարածմամբ,

3. իրադարձությունները լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտմամբ:

Մասնավորապես, քարոզչական հավաքին մասնակցող քաղաքացիները վիրավորել և հայհոյանքներով են ուղեկցել Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանին և Yerevan.Today-ի լրագրող Սյուզի Բադոյանին, քաղաքացիներից մեկը հարվածել է Անի Գևորգյանին և խլել նրա հեռախոսը: Քաղաքացիները վնասել են նաև նկարահանող տեխնիկան, հարձակվել լրագրողներին տեղափոխող մեքենայի վրա: Ընդ որում, լրագրողների կողմից մասնագիտական էթիկայի խախտման որևէ դրսևորում չի արձանագրվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լրագրողների կողմից իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելուն խոչընդոտել են նաև ոստիկանները, որոնց հետ մշտապես եղել են քաղաքացիական հագուստներով անհայտ անձինք, որոնք ողջ ընթացքում հրահանգավորել են ոստիկաններին:

Հավաքների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ատելության խոսք է տարածել և փաստացի հրահանգավորել է հարձակումները փողոցներում` ընդդիմադիրների և այլախոհների դեմ:

Ընտրությունների վերահսկման կոմիտեն խստիվ դատապարտում է տեղի ունեցածը, գտնում է, որ առկա են հանցակազմի տարրեր, ուստի և իրավասու մարմիններից պահանջում է անհապաղ սկսել քրեական վարույթ և հարուցել քրեական հետապնդում առերևույթ հանցանք կատարած բոլոր անձանց, այդ թվում` վարչապետի de facto պաշտոնակատարի նկատմամբ:

Միևնույն ժամանակ, ՀՀ ոստիկանապետից պահանջում ենք բացահայտել ոստիկաններին ուղեկցող քաղաքացիական հագուստով անձանց, բացահայտել նրանց պաշտոնները և լիազորությունները և այսուհետ բացառել նման երևույթները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քարոզչական հավաքների ընթացքում վարչական լծակներ է օգտագործում և ատելության խոսք տարածում, ինչի հետևանքով էլ հարձակումներ են տեղի ունենում լրագրողների նկատմամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով