Մենք պետք է հեռացնենք այն քաղաքական ուժին, որն այս վիճակին է բերել և հասցրել սեփական ժողովրդին.Քոչարյան

«Այս ընտրություններին մենք գնում ենք պարտված ժողովրդի հոգեբանությամբ։ Ցավոք, դա այդպես է։ Այդ պարտությանը մեզ հետևողականորեն պարտադրում էին հենց Հայաստանում»,- Աշտարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Բացի այդ, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք խոսում ենք ազգային արժեքների պահպանման մասին։ Չեմ հիշում որևէ քաղաքական դիսկուրս, երբ հիմնական թեմաներից մեկն ազգային արժեքների պահպանումն է եղել։ Պատճառը պարզ է․ ուղիղ երեք տարի հետևողականորեն անում էին ամեն ինչ, որ խարխլեն այն ամենը, ինչը մեզ հայ է դարձնում, ինչի համար մենք հայ ենք կոչվում։ Այս երկու գործոնն իրար հանդիպեցին, և մենք ունեցանք այս արհավիրքը։ Սա ծրագրվա՞ծ էր, թե՝ ոչ։ Կարծում եմ՝ այո՛, որովհետև պարտություն կարող ենք կրել միայն դեպքում, երբ հետևողականորեն քայքայում են մեր արժեքային համակարգը, քայքայում են մեր բանակը, որը մեր երկրի ողնաշարն է, մեր պաշտպանությունն է»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
«Ո՞վ է այդ ամեն ինչը մեր գլխին բերել։ Մենք պետք է հեռացնենք այն քաղաքական ուժին, որն այս վիճակին է բերել և հասցրել սեփական ժողովրդին։ Դա կարո՛ղ եք և պե՛տք է անեք դուք 10 օր հետո», – ասաց Ռոբերտ Քոչարյանը։
«Մենք ներկայացնում ենք մի թիմ, որն ունի փորձ, գիտելիք, կամք ու վճռականություն։ Առանց նման որակների ճգնաժամային իրավիճակներում երկրի ղեկին նստելը հանցագործություն է։ Մենք չենք կարող մեր երկիրը ևս մեկ անգամ դարձնել մարզասարք, տալ անփորձ մարդկանց ձեռքը։ Որպես հետևանք ունենալու ենք կրկնակի ավելի մեծ խնդիրներ։ Դրա համար մեր առաջարկն է ձեզ՝ ընտրեք «Հայաստան» դաշինքը»,- նշեց նախագահը Քոչարյանը։
«Մենք մեծ բեռի տակ ենք մտնում, հատկապես՝ ես, որովհետև երկու անգամ նման բեռի տակ մտել եմ և պատվով դուրս եմ եկել։ Հետևաբար, անձնապես սա բավականին ռիսկային է ինձ համար․ թասիբի, պատվի, արժանապատվության հարց է կրկնել այն հաջողությունները, որ մենք ունեցել են և հասնել ավելիին։ Ես հասկանում եմ, որ ռիսկի տակ եմ դնում իմ կենսագրությունը։ Օգնեք ինձ և մեր քաղաքական թիմին ստանձնել այս պատասխանատվությունը, և մենք կապացուցենք, որ ի վիճակի ենք կրկնել մեր հաջողությունները։ Եվ ոչ ոք չմտածի, որ հանգիստ ենք թողնելու ձեզ՝ աշխատացնելու ենք գիշեր-ցերեկ։ Ինքներս էլ մի քիչ ձեզանից շատ ենք աշխատելու», – եզրափակեց դաշինքի առաջնորդը։

Մանրամասն՝ տեսանյութում`https://fb.watch/62RSSH7ynW/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով