Կոչ ենք անում հայերին` անկախ քաղաքական դիրքորոշումից, հարգել այս ընտրությունների արդյունքները և խուսափել քաղաքական վրեժխնդրությունից. Պետդեպի խոսնակ

 

Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) դիտորդական առաքելության ընդհանուր դրական գնահատականը: Գոհ ենք այն առումով, որ ԺՀՄԻԳ նախնական եզրակացության մեջ նշվում է, որ ընտրողների իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվել են, մասնակիցներն ազատ քարոզարշավ իրականացնելու հնարավորություն են ունեցել, և ԺՀՄԻԳ-ը դրական է գնահատել ընտրությունների օրը կայացած ձայների հաշվարկը:

Կիսում ենք ԺՀՄԻԳ մտահոգությունն առանցքային մասնակիցների միջև բորբոքիչ հռետորաբանության և ինտենսիվ բևեռացման վերաբերյալ: Կոչ ենք անում բոլոր հայերին` անկախ քաղաքական դիրքորոշումից, հարգել այս ընտրությունների արդյունքները, գործի դնել բողոքարկման իրավական գործընթացը` անդրադառնալու մտահոգիչ հարցերին և խուսափել քաղաքական վրեժխնդրությունից, քանի որ Հայաստանը շարունակում է ձգտել ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագայի»,- ասվում է հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի հետ մեր համագործակցության ամրապնդման գործին` հիմնված համընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Ողջունում ենք Հայաստանում տեղի ունեցած գործընթացները, որոնք առնչվում են բարեփոխումներին և հակակոռուպցիոն ջանքերին, և խրախուսում ենք Հայաստանին շարունակել այդ ուղով ընթանալ` 2018 թվականի գարնանը հայ ժողովրդի արտահայտած ձգտումների համաձայն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին հարգել օրենքի գերակայությունը և ժողովրդավարական սկզբունքները և աշխատել նոր կառավարության հետ` ընդլայնելու մեր երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը»,- շեշտել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Փրայսը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կոչ է արել աջակցել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով