Կիեւում տեղի կունենա ՀԱԵ Ուկրաինայի թեմի վերականգնման 30-ամյակին նվիրված համաժողով

«Սոֆիա Կիեւսկայա» ազգային արգելոցում տեղի կունենա «Ուկրաինայի հայկական եկեղեցական կազմակերպությունները պատմական հեռանկարում. Ուկրաինայում Հայ Առաքելական եկեղեցու կանոնական գործունեության վերականգնման 30-ամյակին ընդառաջ» միջազգային գիտագործնական համաժողովը՝ նվիրված Ուկրաինայում ՀԱԵ Ուկրաինական թեմի վերականգնման 30-ամյակին, այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։

Համաժողովը տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 28-ին Կիեւում, «Սոֆիա Կիեւսկայա» ազգային արգելոցում։ Այն կազմակերպել է Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Ուկրաինական թեմը՝ «Սոֆիա Կիեւսկայա» ազգային արգելոցի, Ուկրաինայի դավանաբանների ասոցիացիայի (ՈւԴԱ), Ուկրաինայի Հայերի միության (ՈւՀՄ) հետ համատեղ։ Միջոցառման թեմատիկան կընդգրկի Ուկրաինայում հայ համայնքի կրոնամշակութային կյանքի հարցերի լայն շրջանակ՝ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը։ Համաժողովի նյութերը կհրապարակվեն առանձին ժողովածուով»,- նշվում է հաղորդման մեջ։

Ինչպես պարբերականին հիշեցրել է պատմաբան Իրինա Գայուկը, Ղրիմում մշտական հայկական եկեղեցական կազմակերպության գոյությունն ամրագրված է XI-XIIդդ. բյուզանդական փաստաթղթերում։ XIV դարում արդեն հայտնի էին Ղրիմի հայկական եպիսկոպոսությունը եւ Բոլոր Հյուսիսաց կողմանց արքեպիսկոպոսությունը։ «Հետագա հեղինակները հիշատակում են Կիեւում հայկական արքեպիսկոպոսության գոյության մասին, բայց 1364թ. Լվովի հայկական եպիսկոպոսական տաճարի կաթողիկոսի կոնդակի հաստատումից հետո Կիեւն անցնում է նրա իրավասության տակ։ Լվովի հայկական եկեղեցուն էին ենթարկվում Վլադիմիրի, Լուցկի, Կիեւի, Կամենեց-Պոդոլսկի, Սերետի, Սուչավայի, Բոտոշանի եւ Ենկի-Սալայի հայկական թեմերը»,- նշել է գիտնականը։

Պարբերականը հիշեցնում է, որ այժմ Ուկրաինայում գոյություն ունեն մոտ 30 ծխական համայնք եւ ավելի քան տասը գործող եկեղեցիներ։ Տարբեր շրջաններում կառուցվում է եւս 5 եկեղեցի։ Վերականգնման փուլում են միջնադարյան երկու եկեղեցիներ։

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրայնացման ուղղությամբ։ Ինչպես նշել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, մեզ համար կարեւոր է յուրաքանչյուր պատմամշակութային օբյեկտ։ «Մենք հպարտանում ենք Ուկրաինայի հայերի հարուստ մշակութային եւ պատմական ժառանգությամբ եւ հնարավոր ամեն բան անում ենք պատմական, ճարտարապետական եւ մշակութային ժառանգության պահպանման ու հանրայնացման համար»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով