Հիշո՞ւմ եք, որ խոստանում էր ամեն ինչ վերցնել հարուստներից ու բաժանել մարդկանց.Քոչարյան

«Հիշո՞ւմ եք, ինչ կարգախոսներ են եղել 2018 թ․ ապրիլին՝ ժողովրդի իշխանություն, ժողովրդի վարչապետ, որևէ կարևոր հարց, այդ թվում՝ Ղարաբաղյան հարցը, առանց ժողովրդի հետ քննարկելու՝ չի լուծվելու։ Արդյունքում ստորագրվեց մի փաստաթուղթ, որի մասին չգիտեին նույնիսկ ուսապարկերը»,- Ալավերդու ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Հիշու՞մ եք կախարդական փայտիկի կարգախոսը, իսկ ու՞մ կյանքն է լավացել։ Այս երեք տարվա ընթացքում այնպիսի գնաճ էր, որ բնակչության եղած եկամուտներն էլ կերել է։ Գործազրկությունն ու արտագաղթն աճել են, իսկ մարդկանց ռեալ եկամուտները նվազել են։
Հիշո՞ւմ եք, որ խոստանում էր ամեն ինչ վերցնել հարուստներից ու բաժանել մարդկանց։ Հիշո՞ւմ եք, ամենաոգևորիչ կարգախոսն էր։ Քանի՞ դեպք գիտեք, որ հարուստներից վերցրին, ժողովրդին բաժանեցին։ Եթե գոնե մեկ դեպք գիտեք՝ ասեք։ Ի՞նչ է կատարվել իրականում։ Հիմա նայեք իրենց ցուցակներին։ Օլիգարխները հայտնվել են նրանց նախընտրական ցուցակում։ Սա ի՞նչ է նշանակում․ կիսվել են, ախպերություն է նոր ձևավորվել՝ ժողովրդի իշխանության և օլիգարխիկ համակարգի նոր ախպերություն մեր իրականության մեջ։
Ասում էին արդարության մասին, ժողովրդի կողքին կանգնած լինելու մասին։ Նույնիսկ հիշում եք՝ առաջին ամիսներին հեծանվով աշխատանքի գնալ, սելֆիներ և այլն և այլն։ Այսօր շենքից շենք տեղափոխվելու համար հազարավոր ոստիկաններ է բերում, դիպուկահարներ տեղակայում։ Այսօր քարոզարշավն անում է՝ մի 30 մեքենա գնում է իր հետևից, ով գիտի որքան ծախս է արվում միայն մեկ մարդու անվտանգությունն ապահովելու համար։ Սա ժողովրդի իշխանությունն է, արդարությունը որպես կարգախոս առաջին տեղում էր, ու հիմա այսպիսի վիճակ է։
Ու խոսում է ժողովրդի վարչապետ լինելուց: Ունենք մի վիճակ, երբ ժողովրդի իշխանությունը ոչ մի խոստում չի կատարել, ուրեմն նրանք պետք է հեռանան»,- նշեց նախագահ Քոչարյանը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով