ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչին: Աշխատանքային հանդիպման օրակարգում եղել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Ողջունելով դիվանագետին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Սերբիան ունեն պատմական և քաղաքակրթական ընդհանրություններ, ինչն ամուր հենք է՝ բարեկամական կապերի զարգացման և ընդլայնման համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է Սերբիայի՝ հատկապես խաղային մարզաձևերի զարգացման հարցում ունեցած հաջող փորձով.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ի թիվս մի շարք այլ ոլորտների՝ հայ-սերբական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն նաև սպորտի բնագավառում: Բարձր ենք գնահատում Սերբիայի՝ խաղային մարզաձևերի՝ հանդբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի և այլնի, զարգացման գործում ունեցած մեծ փորձը և պատրաստ ենք ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ փորձի փոխանակմանն ուղղված և այլ համատեղ ծրագրերի իրականացման համար»:

ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչը, շնորհակալության հայտնելով հանդիպման և ջերմ ընդունելության համար, նշել է, որ Սերբիայի երիտասարդության և սպորտի նախարարությունը ևս հետաքրքրված է երկկողմ հարաբերությունների խորացմամբ: Դիվանագետի խոսքով՝ հայերն ու սերբերը սպորտային ժողովուրդներ են, և համատեղ ծրագրերը կնպաստեն կապերի առավել զարգացմանը, հետևաբար այս հանդիպումը կարող է դառնալ այդ ուղղությամբ առաջին կարևոր քայլը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սերբիայի սպորտային ենթակառուցվածքներին և դրանց հնարավորություններին, քննարկվել են նաև տարբեր մարզաձևերի հավաքականների համատեղ հավաքների, մարզիչների, մրցավարների, տեխնիկական անձնակազմերի համար սեմինարների անցկացմանը և երկու երկրներում բարձր արդյունքներ գրանցող մարզիկներին տրվող աջակցության ծրագրերին վերաբերող հարցեր: Կարևորվել է նաև փոխգործակցությունն ու փորձի փոխանակումն ադապտիվ և մասսայական սպորտի, սպորտային կրթության զարգացման գործում: Այս համատեքստում շեշտվել է փոխայցելությունների, տեղում միմյանց փորձին ծանոթանալու և սպորտի բնագավառում հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԿԳՄՍ նախարարի տեղակալը և ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատարը համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերի և պայմանավորվածությունների հետևողական իրականացման շնորհիվ կհաջողվի հայ-սերբական համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնել:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով