Հայաստանի Հանրապետության հասակակիցը.«Հայաստանի Հանրապետություն»

«Արդեն 30 տարի շարունակ Հայաստանի անկախության վավերագիրը հանդիսացող «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը այսօր էլ քայլում է ժամանակի պահանջներին համահունչ՝ արձագանքելով առկա մարտահրավերներին եւ փոփոխություններին։ Ժամանակակից թվային տեխնոլոգիաների դարաշրջանում տպագիր մամուլի համար լրացուցիչ խնդիրներ կան լուծելու։ Այդ ճանապարհին օրաթերթն այսուհետ ընթերցողներին է ներկայանալու վերափոխված կայքէջով։
«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի խոսքով, 30-ամյակը բավականին հետաքրքիր եւ կարեւոր առիթ է առաջ նայելու եւ նոր թվային վերափոխման անցնելու համար։ «Թերթն ուներ կայքէջ, որը ժամանակին ամբողջությամբ բավարարում էր այդ շրջանի պահանջներին, սակայն թվային տեխնոլոգիաները զարգանում են եւ անհարժեշտ էր ժամանակի պահանջներին համապատասխան կայքէջով ներկայանալ ընթերողներին»,- ասաց նա «ՀՀ» օրաթերթի վերաթարմացված կայքի շնորհանդեսին։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանը բարձր գնահատեց ստեղծման առաջին իսկ օրվանից թերթի բոլոր աշխատակիցների ներդրումը սկսած «ՀՀ»-ի հիմնադիր խմբագիր Այդին Մորիկյանից, որոնց ջանքերի շնորհիվ օրաթերթն այսօր էլ չի կորցրել իր այժմեականությունը, առանձնանում է իր թեմատիկ բազմազանությամբ։ «Ունենալով պետական կարգավիճակ, մենք չենք անդրադառնում միայն պաշտոնական լուրերին․ այսօր օրաթերթի խնդիրն այլեւս զուտ լրահոսը փոխանցելը չէ, այլ շեշտը դրվում է վերլուծությունների, մեկնաբանությունների եւ արժեքավոր տեղեկատվության վրա»,- ասաց Ղարագյոզյանը։
Ինչ վերաբերում է թղթային եւ էլեկտրոնային կրիչներով հանդես գալուն, ապա դրանք ոչ թե բացառելու, այլ լրացնելու են մեկը մյուսին։ Կլինեն նյութեր, որոնք մինչեւ թերթում լույս ընծայվելը կտեղադրվեն կայքում, ինչպես նաեւ կայքում կտեղադրվեն անոտացիոն նյութեր, որոնք հնարավոր կլինի ընթերցել միայն տպագիր տարբերակում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով