Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում տապալումները եղել են այս իշխանությունների գործունեության արդյունքում.Վարդան Ոսկանյան

 

Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում տապալումները եղել են այս իշխանությունների գործունեության արդյունքում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ  նախկին իշխանությունների գործունեության արդյունքում արտաքին քաղաքականության մեջ եղել են սխալներ, բայց տապալումները եղել են գործող իշխանությունների քաղաքականության արդյունքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մեր դաշինքի համար մեծ նշանակություն ունի Հնդկաստանի հետ համագործակցությունը, քանի որ Պակիստանը այժմ ըստ էության Ադրբեջանի դաշնակիցն է, նրանք անցկացնում են համատեղ զինվորական միջոցառումներ: Պակիստանը 44-օրյա պատերազմի անդրկորիզյան խաղացողներից էր: Նաև շատ կարևոր է մեր համագործակցությունը Չինաստանի հետ անվտանգային և տնտեսական ոլորտներում»,- ասաց իրանագետը։

Անդրադառնալով տարածաշրջանային մյուս երկրին, Ոսկանյանն ընդգծեց, որ իրանական կողմի համար 44-օրյա պատերազմի հետևանքներն ամենևին ընդունելի չեն։ Ըստ նրա, իրանցիները նաև շահագրգռված են Մեղրիի տնտեսական ազատ գոտու ծրագրի գործարկման առումով: Իրանագետի համոզմամբ՝ իրանցիները նաև շահագրգիռ են Սյունիքում իրենց ազդեցության ավելացմանը:

«Իրանցիները հասկացել են, որ այս տարածաշրջանն առերսվում է նոր մարտահրավերների ու վտանգների հետ։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, միջազգային ահաբեկչությանը, որի դեմ Իրանը տարիներ շարունակ պայքարել է Մերձավոր Արևելիքի տարբեր կետերում՝ Սիրիայում, Իրաքում և այլուր։ Հետևաբար այս համատեքստում ստեղծվել են որոշակի հնարավորություններ իրանական կողմի հետ ամրապնդել ոչ միայն քաղաքական ու տնտեսական այն բոլոր օրակարգերի իրականացման հեռանկարները, որոնք մինչև այժմ գոյություն են ունեցել Հայաստան-Իրան հարաբերություններում, այլ նաև ստեղծել համագործակցության նոր միջավայրեր, հարթակներ, որոնք ուղղված կլինեն հակաահաբեկչական համատեղ պայքարին կամ ավելի լայն իմաստով Հայաստանի անվտանգության ապահովմանը»,- ասաց Վարդան Ոսկանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նշեց, որ ՀՀ անվտանգության ապահովումը, այդ թվում նաև՝ սահմանային անվտանգությունը, ամենաառաջնային նշանակությունն ունի «Պատիվ ունեմ» դաշինքի համար։

«Այն մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանի ու Արցախի սահմանների երկայնքով և այս հարթությունում դաշինքը գնալու է երկու ճանապարհով.Հայաստանի հզորացում՝ իր անվտանգային բոլոր կառույցներով հանդերձ, խոսքը վերաբերում է թե բանակին, թե անվտանգությունն ապահովող այլ բաղադրիչներին։ Երկրորդ ուղղությունը՝ միջազգային գործընկերների հետ գերակտիվ դիվանագիտական և գործընկերային աշխատանքի հարթությունն է և այդ հարթության մեջ Իրանն ունի չափազանց կարևոր դերակատարություն»,-ասաց Ոսկանյանը՝ հավելելով, որ իհարկե ամենակարևոր ուղղություններից մեկը, բնականաբար, ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումն է վստահելի և կանխատեսելի բարեկամական հարաբերությունների հարթակի միջոցով։

«Ըստ էության, մենք պետք է հայ-ռուսական հարաբերությունները վերածենք գործընկերային այնպիսի նոր որակ ունեցող հարաբերությունների, որտեղ Հայաստանը կլինի ընկալելի, կդիտարկվի որպես վստահելի ու կանխատեսելի գործընկեր»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով