ՖՈՏՈ. Ինչպես են դիմավորել Կաթողիկոսին Սյունիքի մարզում

 

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական քառօրյա այցով մեկնեց Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում են հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վեհափառ Հայրապետի հետ Արցախ մեկնեց նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությանը Գորիսի «Զանգեր» հուշարձանի մոտ դիմավորեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Մակար վարդապետ Հակոբյանը թեմի հոգևոր դասի հետ միասին, Գորիսի համայնքապետ Առուշան Առուշանյանը, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, զինվորականներ և Գորիսի համայնքայիններ։

Ավանդական աղուհացի արարողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին և հավաքված ժողովրդին։

 

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀԲԸՄ նախագահի և հոգևոր դասի հետ միասին մեկնեց Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ Հայոց Հայրապետին դիմավորեցին Գորիսի բնակիչներ և զինվորներ։ «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով հավատավոր ժողովրդին, մուտք գործեց տաճար, ուր սաղմոսերգությունից և աղոթքից հետո կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի և Արցախի անսասանության, Սյունյաց աշխարհի և նրա ժողովրդի անվտանգ, խաղաղ ու բարօր կյանքի համար։

Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետին ողջունեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Մակար վարդապետ Հակոբյանը, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց ներկա ժողովրդին։ «Սիրելի սյունեցի հավատավոր զավակներ Մեր, այցելել ենք ձեզ հետպատերազմյան դժվարին իրավիճակի, դառը հարվածների և նեղությունների դիմագրավման այս ժամանակահատվածում։ Եկել ենք ի մոտո հաղորդ լինելու ձեր մտահոգություններին ու խնդիրներին, նաև Հայրապետական Մեր գնահատանքն ու օրհնությունը վերստին բերելու ձեզ։

․․․Մենք քաջատեղյակ ենք ազգային-հայրենական մեր կյանքի այս վճռորոշ շրջանում ձեզ պատած դժվարությունների, ձեր առջև ծառացած մարտահրավերների մասին։ Արցախյան վերջին պատերազմում մեր թանկագին զավակները նահատակվեցին, ունեցանք վիրավորներ, անհայտ կորածներ, գերեվարվածներ, տասնյակ հազարավոր տեղահանված խաղաղ բնակիչներ։ Տարածքային կորուստների պատճառով նաև Սյունյաց աշխարհի բնակավայրեր սահմանամերձ դարձան Ադրբեջանի հետ՝ դրանից բխող խիստ մտահոգիչ հետևանքներով։ Ադրբեջանը սանձարձակ ոտնձգություններ է կատարում նաև Հայաստանի սահմանների նկատմամբ, մասնավորապես Սյունիքի, Գեղարքունիքի գյուղական որոշ համայնքների տարածքների հանդեպ», – ասաց Հայրապետը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով