Դուք դեռ պատասխա՛ն եք տալու ձեր խղճին և ձեր զավակներին ու թոռներին…Անահիտ Վարդանանց

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ  Անահիտ  Վարդանանցը  գրում է.

Հայոց գրերի գյուտը, որով բացվեց հայ ազգի հավերժության դուռը, դարեր շարունակ մեր ինքնության պահպանման բանալին է եղել: Սակայն մաշտոցյան օրհնությամբ արարված մեր գիրը, որ ունեցել է ավելի քան մեկուկես հազարամյակի կյանք, հաճախ է պարտվել մարտնչող տգիտությանը:
Տգիտությունն է կործանում ժողովուրդներին:
Այսօրվա Հայաստանում գիտակից մարդկանց շատ քիչ տոկոսն է որոշ չափով գրագետ։ Բայց երբեք ուշ չէ կրթվելու և սեփական կարծիք ունենալու համար՝ փոխանակ աղանդավորի նման պարտված առաջնորդի եսն ու շարունակությունը լինելու, կամքից զուրկ դառնալու: Իսկ մյուսները բոլորը կարժանանան ըստ իրենց խոսքերի և գործերի:
Մեր երկրի պատմության առաջ քաշած խնդիրները, մնալով չլուծված, հետո դարձել են մեր ժողովրդի ճակատագիրը՝ հետագայում ևս միշտ ներկայանալով սերունդներին և պահանջելով լուծում տալ։ Սակայն չլուծվելով դարձել են պարտությունների ու կորուստների պատճառը, որոնք Մեծ Հայքը կործանելով վերածել են այսօրվա մի բուռ Հայաստանի: Պատճառն ուրիշ տեղ չփնտրենք. ո՛չ Ռուսաստանն է պատճառը, ո՛չ Անգլիան, ո՛չ ոք… Ոչ ոք մեղավոր չէ՝ բացի մեզնից՝ հայերիցս, քանի որ դավաճաններն առաջին հերթին հենց մեր ժողովուրդի մեջ են, որոնք մինչև օրս էլ շարունակում են անել իրենց սև գործը:
Ես սիրում եմ իմ երկիրը և փոքրաթիվ այն մարդկանց, որոնք ստիպված կլինեն շարունակել ապրել այս օրը և չնայած այս ամենին՝ կշարունակեն ապրել ու արարել հայոց երկրում…
Ո՞նց է հիպնոսացրել ժողովրդին ոմն ստահակ… Եվ ի՞նչ է արել նրա գլխավորած այս իշխանությունը հայ ժողովրդի համար՝ բացի ցավ ու տառապանք պատճառելուց, թուրքի առաջ գլուխ խոնարհելուց։
Մի՞թե քվեարկելիս աչքներիդ առջևով չանցա՞ն մեր 5.000-ից ավելի զոհերը, ադրբեջանական բանտերում խոշտանգվող գերիները…
Մենք երեկ, հունիսի 20-ին, պատմական հնարավորություն ունեինք ներկայիս թրքամետ, աղետաբեր իշխանությանը մերժելու։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես ձեր «սուրբ» Նիկոլը մի անգամ ձեզ «անթասիբ» անվանեց։ Փաստորեն, այո, շատ ճիշտ է ասել, մի՞թե անթասիբություն չէ պարտված ղեկավարին ընտրելը։ Ժողովո՛ւրդ, իրենք այսօր հրավառությամբ կցնծան, բայց դուք մտածելու շատ բան կունենաք, երբ գոնե մի անգամ այցելեք Եռաբլուր, եթե դեռ չեք եղել այնտեղ, իսկ եթե արդեն մեկ անգամ եղել եք, ուրեմն պիտի հասկանայիք, որ թե՛ զոհված տղաները և թե՛ վաղվա սերունդը ձեզ չեն ներելու, գլուխներդ կախելու եք, և ձեր խիղճը մի օր անիծելու է ձեզ, թշնամանալու է ձեզ հետ, որովհետև այլևս թուրքն ու թրքասերն են դարձել ձեր ընտրությունը։
«Ապագա կա»՝ թուրքերի հե՞տ և թուրքերի կողքի՞ն… Մի քիչ մտածեք, էլի՜… Սրա՞նց հետ, որ հերոսի մարմինը պատվով հողին հանձնել չգիտեն, որ իշխանությունը պահելու, պատասխանատվությունից խուսափելու համար պատրաստ էին ընտրելու ամենակեղտոտ մեքենայություններն ու աճպարարությունները, չարաշահումներն ու կեղծարարությունները։
Դո՛ւք ընտրեցիք ձեր այսօրվա իրականությունն ու անհեռանկարային վաղվա օրը…
Քաջ սյունեցին, անվախ սյունեցին սխալվեց և իր դուռը բացեց թուրքի առաջ՝ ջուր լցնելով թուրքի ջրաղացին։ Գիտեին, չէ՞, որ Կապան այլևս Գորիսով չեն գնալու, բայց ընտրեցին դավաճանին, օտարի դրածոյին։ Գիտեին, չէ՞, որ Մեղրին էլ մերը չի լինելու, բայց ընտրեցին թուրքահպատակին։ Նույնիսկ Շուռնուխը, մասնատված, ընտրեց ոճրագործին։
Գարեգին Նժդեհի պատգամներին անգամ ականջալուր չեղաք: Մեծ հայը խորհուրդ է տվել. «Տաճարներիդ մեջ, խաչերիդ կողքին բարձրացրո՛ւ մի մեծ ժայռ և պաշտի՛ր դա, որ աննվազ մնա սերդ դեպի հայրենի լեռները»: Բայց դուք, սյունեցինե՛ր, Նժդեհին էլ դավաճանեցիք, ձեր խիզախ նախնիներին էլ ու նրանց գործը չշարունակեցիք: Լա՛վ իմացեք, որ պատմությունը ձեզ դա չի՛ ներելու։ Դուք դեռ պատասխա՛ն եք տալու ձեր խղճին և ձեր զավակներին ու թոռներին…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով