Ովքե՞ր են պատասխանատու կարուսելների անվտանգ շահագործման համար․ «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ամռանը մեծ թափով սկսում են աշխատել ժամանցի վայրերը: Այս առումով հատկապես ուշադրության է արժանի կարուսելների աշխատանքը, քանի որ այդ դեպքում գործ ունենք մարդկանց, հատկապես երեխաների անվտանգության կանոնների պահպանման հետ: Օրեր առաջ «Փաստը» տեղեկացել էր, որ Դիլիջանի քաղաքային այգում կարուսելի (ճոճանակի) պոկվելու հետևանքով մի երեխա ծանր վնասվածքներ է ստացել: Դիլիջանի համայնքապետարանի աշխատակիցը, սակայն, մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ ոչ թե կարուսելն է պոկվել, այլ դեպքը տեղի է ունեցել բացառապես երեխայի անփութության հետևանքով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այո՛, երեխան վնասվածքներ է ստացել՝ ընկնելով կարուսելից: Հիմա արդեն նա ապաքինվում է, համայնքապետը ողջ ընթացքում կապի մեջ է եղել երեխայի մայրիկի հետ»,- «Փաստին» փոխանցեցին Դիլիջանի համայնքապետարանից՝ ընդգծելով, որ կարուսելն էլեկտրական չի եղել, այլ մեխանիկական ճոճանակ: Կարուսելներին առնչվելիս քաղաքացիների անվտանգության ապահովմանը վերաբերող մի շարք հարցադրումներով դիմել էինք արտակարգ իրավիճակների նախարարությանը: «Փաստին» ուղարկված գրավոր պատասխանով նախարարությունը նախ տեղեկացնում է, որ կարուսելների (զվարճահարմարանքների) տեսակները և դրանց անվտանգ աշխատանքի պահանջները սահմանված են Կառավարության 2009 թ.-ի հոկտեմբերի 22-ի «Կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N1351-Ն որոշմամբ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ համաձայն կառավարության 2005 թ.-ի դեկտեմբերի 29-ի N 2272-Ն որոշման՝ արտակարգ իրավիճակների նախարարությունն է հանդիսանում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով նախատեսված գործառույթներն իրականացնող լիազոր մարմին, և նրա լիազորությունները սահմանված են օրենքի 17-րդ հոդվածով։

«Կարուսելները, այդ թվում՝ էլեկտրական, համաձայն օրենքի 6-րդ հոդվածի՝ հանդիսանում են արտադրական վտանգավոր օբյեկտներ (այսուհետ՝ ԱՎՕ) և դրանց վրա տարածվում են օրենքի գործողությունները։ Կարուսելները՝ որպես արտադրական վտանգավոր օբյեկտներ, համաձայն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պահանջների՝ ենթակա են գրանցման ԱԻՆ-ի կողմից վարվող ԱՎՕ-ի ռեեստրում։ Դրանց նկատմամբ իրականացվում է տեխնիկական անվտանգության փորձաքննություն՝ համաձայն օրենքի 11-րդ հոդվածի՝ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, ԱԻՆ-ում հաշվառված հավատարմագրված անձանց կողմից»,-ասվում է հարցման պատասխանի մեջ: Նշենք՝ նույն հոդվածով սահմանվում է, որ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ, բայց արտադրական պատահարի կամ տեխնածին վթարի դեպքում այն կրկին ենթակա է փորձաքննության՝ անկախ 11-րդ հոդվածի վեցերորդ մասով նախատեսված ժամկետի: Նախարարությունը տեղեկացնում է, որ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազորությունների մեջ է մտնում ուսումնամեթոդական ծրագրերի մշակումը, ոլորտի մասնագետների, փորձագետների, տնտեսության մեջ աշխատող, այդ թվում՝ կարուսելների ոլորտում աշխատող ինժեներատեխնիկական և մասնագետ կադրերի ուսուցման և որակավորման գծով աշխատանքների կազմակերպումը։

«Տեղեկացնում ենք նաև, որ համաձայն օրենքի 19-րդ հոդվածի (Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձանց պարտականությունները տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում) առաջին մասի «բ» կետի՝ արտադրական վտանգավոր օբյեկտներ, այս դեպքում կարուսելներ շահագործող անձը, տվյալ կազմակերպությունում նշանակում է տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման համար պատասխանատու ինժեներատեխնիկական և մասնագետ կադրեր (շահագործող սպասարկող օպերատոր) և այդ պատասխանատու ինժեներատեխնիկական կադրերի մասին (կազմը, քանակը) տեղեկատվություն է ներկայացնում ԱԻՆ՝ դեռևս արտադրական վտանգավոր օբյեկտը ռեեստրում գրանցման ժամանակ: Համաձայն նույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի՝ արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնածին վթարի, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի հաշվառում և տեխնիկական քննություն իրականացնում են ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, ԱԻՆ-ում հաշվառված հավատարմագրված անձինք, առանձին դեպքերում ԱԻՆ-ի կողմից ստեղծված հանձնաժողովը»,-նշում է նախարարությունը։ Ինչ վերաբերում է կարուսելներից օգտվողների անվտանգության ապահովմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ցանկացած կարուսել, որը գրանցված է ԱՎՕ-ի ռեեստրում և շահագործվում է, դրա անվտանգ շահագործման և կարուսելներից օգտվողների անվտանգության ապահովման համար պատասխանատու է սեփականատերը կամ շահագործող անձը։ Բնակելի շենքերի բակերում բնակիչների կողմից ինքնաշեն կառուցված, նվիրատվությամբ կամ համայնքային մարմինների կողմից զբոսայգիներում, հանգստյան այգիներում, հանգստի այլ վայրերում տեղադրված մանկական հրապարակների սարքավորումները, որոնք չեն կարող համարվել արտադրական վտանգավոր օբյեկտներ և գրանցված չեն ԱՎՕ-ի ռեեստրում, դրանց անվտանգ շահագործման համար օրենքով ԱԻՆ-ին վերապահված չեն իրավասություններ, և դրանք կանոնակարգվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից»,-տեղեկացնում է ԱԻ նախարարությունը:

 

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով