Որևէ ընդդիմադիր ուժ Փաշինյանին չի թողնելու, որ մնա վարչապետ. Սոս Հակոբյան

Այո, Նիկոլ Փաշինյանը որոշակի վստահություն ունի հասարակության որոշ շերտերի մոտ, որն ընդդիմության կողմից անընդունելի է և սրա համար պետք է եղածը որպես փաստ ընդունել ու աշխատել դրա վրա: Այս մասին երեկ Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը՝ խոսելով արտահերթ ընտրություններին ընդառաջ ընդդիմության քայլերի և Նիկոլ Փաշինյանի հանդեպ ժողովրդի մի մասի կողմից վստահության մասին:
Նա նշեց, որ առաջին հերթին պետք չէ առաջնորդվել տարածվող հարցումների պատասխաններով, ըստ որոնց, դեռ Նիկոլ Փաշինյանն ամենաբարձր վարկանիշն ու վստահությունն ունի։ Հակոբյանի խոսքով՝ տարբեր տվյալներ են ներկայացվում, և շատ հաճախ հարցումները լինում են պատվիրված, հարմարեցված:
«Որ Նիկոլ Փաշինյանը վստահություն չունի, այլևս չի հերքվում և նրա օգտին խոսելը մեծամասնության հետ կապ չունի ու չի կարող բավականացնել նրա համար, որ նա կրկին իշխանության գա: Որևէ ընդդիմադիր ուժ Նիկոլ Փաշինյանին չի թողնելու, որ մնա վարչապետ, այս մասով թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերն արտահայտվել են և շեշտել, որ Փաշինյանին իշխանության թողնելը կարմիր գիծ է»,- ասաց նա:
Սոս Հակոբյանի խոսքով՝ այս պահին ընդդիմության ամենամեծ մտավախությունն այն է, որ ժողովուրդ չընտրի այն մարդուն, որը կարողացել է հայրենիք, հող հանձել թշնամուն: «Ընդդիմությունն այս ուղղությամբ աշխատում է և կարող է հասարակությանը հետ պահել Փաշինյանին ընտրելու քայլերից, դա կարող է լինել քարոզով, խոսքով, ժողովրդի հետ շփվելով, որը և անում է ու անում է շատ ակտիվորեն, նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթից հետո: Իրականում, քաղաքական առումով, եթե նայենք, շատ ժամանակ չի անցել, բայց աղետալի շատ հետևանքներ ենք ունեցել, դրա համար նորմալ է, որ շտապում ենք սրանց հեռացնել ու մարդկանց վստահությունը սրանց նկատմամբ զրոյի հասցնել»:
Խոսելով 2018 թվականի օրինակով, թե այն ժամանակ ներկայիս ընդդիմադիր ուժերից շատերը Նիկոլ Փաշինյանի կողմից էին, սակայն վերջինիս իշխանության գալուց հետո սկսեցին նրա դեմ պայքարել և դիտարկմանը, թե արդյո՞ք հիմա նույն գաղափարով հավաքված դաշինքներն ուժերից մեկի հաղթանակի դեպքում միմյանց դեմ չեն պայքարի՝ Սոս Հակոբյանն արձագանքեց․
«Քաղաքական ուժերն ի սկզբանե իրար մրցակից են, բայց եթե ուզում ենք ունենալ Կառավարություն, ապա պետք է որոշ կոնսոլիդացիա լինի: Շատ հավանական է, որ ուժերն առանձին-առանձին 51 տոկոս ձայն չունենան, ողջամիտ տրամաբանությունն է ուժերին դրդել համագործակցելու, կոալիցիաներ կազմելու: Այս առումով, այո՛, ուժերը մրցակից են, մրցակից են մնալու, բայց ընտրություններից հետո, վստահաբար համախմբում է լինելու նոր իշխանություն կազմելու համար: Ընտրություններից հետո որոշ մրցակցություն հնարավոր է, բայց այս պահին կարևորն այն է, որ բոլորը մի նպատակ են կիսում, որովհետև բոլոր պաթոսային մտքերը մի կողմ թողած՝ մեր այս իշխանության մնալու դեպքում երկիր չենք ունենա»,- ասաց նա:
Ըստ նրա՝ բոլորն իրենց գաղափարներով ու ծրագրերով են պայքարում: Հարցին, թե հիմա մեծ հաշվով տարբերություն չկա, թե օրինակ որ ուժը կհաղթի, Հակոբյանը պատասխանեց. «Օրինակ՝ մենք «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչներ ենք և մենք ձգտում ենք մաքսիմալ արդյունքի, բայց նույն ժամանակ մնացյալ դաշինքների հետ համագործակցելու համար չունենք խոչընդոտներ, մենք տարբերություններ ունեք, բայց մեծ հաշվով նպատակները, գլխավոր ռազմավարությունը նման են, որովհետև այս պահին ամենակարևոր խնդիրը երկիրը կայունացնելն է»:
Սոս Հակոբյանն ընդգծեց, որ 2018 թվականի շրջանի իրողությունների մասով որևէ մեկը չի հերքում, որ Փաշինյանը ժողովրդի վստահությանն էր արժանացել, և բնական էր, որ որոշ քաղաքական ուժեր պետք է պաշտպանեին ժողովրդի վստահությունը վայելող թեկնածուին: «Բայց եղավ այն, ինչ եղավ, ունեցանք այն արդյունքները, որոնք ունեցանք և դրանից հետո քաղաքական ուժերը պարտավոր էին ճիշտ կեցվածք ընդունել: 2018 թվականից քաղաքական ուժերը ոչ թե Փաշինյանին էին միացել, այլ այդ պահին դրությամբ ժողովրդի պահանջին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով