Ուկրաինայում մեկնարկել են Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները

Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները Ուկրաինայում սկսվել են մայրաքաղաք Կիևից, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Հրապարակման համաձայն, թեմատիկ միջոցառումներ են նախատեսվում նաեւ երկրի այլ մարզերում:

Կիեւի ամենամեծ գրադարաններից մեկում «Սվիչադո»-ում միջոցառումը նվիրված էր հայկական մշակութային ժառանգությանը ընդհանրապես և Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակին, մասնավորապես:

Հռչակավոր հայ կոմպոզիտորներ Սպենդիարյանի և Կոմիտասի երաժշտության հետ միասին, որը հնչեց ոգեկոչման միջոցառման ընթացքում, հյուրերը և գրադարանի ղեկավարությունը մտքեր փոխանակեցին և ելույթ ունեցան հայ-ուկրաինական մշակութային կապերի և ժառանգության, ինչպես նաև վերջերս վերանորոգված գրադարանում հայկական հատուկ անկյունի բացման վերաբերյալ:

«Սվիչադո» գրադարանը, որը համագործակցում է ԱՕԿՍ-ի (հայկական մշակութային կապերի ընկերության) հետ, ընդունեց ԱՕԿՍ-ի տնօրեն Ելենա Հովհաննիսյանին և Ուկրաինայում Հայաստանի դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովային: Հաստատությանը նվիրաբերվել են տարբեր ժամանակաշրջանների հայկական պատմա-մշակութային գրականություն:

Ինչպես հայտնի է, մեծ կոմպոզիտորը ծնվել է Խերսոնի մազի Կախովկա քաղաքում: Ի պատիվ Ա.Ա.Սպենդիարյանի (Սպենդիարով) ծննդյան 140-ամյակի, Ուկրաինայում ստեղծվել է Ա. Ս. Սպենդիարյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը: Որի 1-ին մրցանակների դափնեկիրների համար նախատեսված է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակ:

Հիշեցնենք, որ մշակութային նախագծերի աջակցությունը Ուկրաինայի հայերի միության գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկն   է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով