«Ստուգման համակարգի միջոցով հաստատվել է առաջին դասարան հաճախող 14.000 երեխայի տվյալների համապատասխանությունը». Արտակ Պողոսյան

 

ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների առցանց ընդունելության կարևոր բաղադրիչը երեխաների և ծնողների տվյալների համապատասխանության նախապես ստուգումն է: Այն մինչև մայիսի 31-ն իրականացվում է stugum.emis.am կայքում` երեխաների և ծնողների տվյալները մուտքագրելով: Ստուգման համակարգը բացվել է մայիսի 3-ից: Մինչ օրս stugum.emis.am կայքի միջոցով հաստատվել է առաջին դասարան հաճախող շուրջ 14.000 երեխաների և նրանց ծնողների տվյալների համապատասախանությունը: Ստուգման համակարգից օգտվող շահառուների ակնկալվող թիվը, սակայն, շուրջ 25 հազար է, հետևաբար ակնկալվում է, որ առաջիկա օրերին առավել մեծ կլինի ակտիվությունը` ծնող-երեխա կապը հաստատող տվյալների համապատասխանությունը ստուգելու առումով: Այս մասին «Արմենպրես» գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայտարարել է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը: Օգտվելով առիթից՝ նա ծնողներին կոչ է արել հետագա խնդիրներից խուսափելու համար տվյալների ստուգումն իրականացնել մինչև մայիսի 31-ը:

Տվյալների ստուգմանը կհաջորդի բուն հայտագրման փուլը, որը հունիսի 1-ից կսկսվի hayt.emis.am համակարգի միջոցով: Առաջին փուլում մինչև հունիսի 10-ը կհայտագրվեն այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող քույր կամ եղբայր: Հունիսի 11-ից համակարգը բաց կլինի բոլոր հայտատուների համար։ Առցանց հայտագրման գործընթացը պարտադիր է ՀՀ բոլոր այն դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն:

«Երեխայի և ծնողների տվյալները նախապես չստուգելու պարագայում բուն գրանցման օրը կարող են խնդիրներ լինել: Օրինակ՝ կարող է պարզվել, որ երեխայի կամ ծնողի փաստաթուղթը թվայնացված չէ: Այդ պարագայում համակարգը չի կարող գտնել ծնող-երեխա կապը ու թույլ չի տա գրանցվել: Տվյալները ստուգելու խնդիրը դրվել է հնարավոր չարաշահումներից զերծ մնալու նպատակով»,- նշել է Արտակ Պողոսյանը:

Անդրադառնալով համակարգի գործունեությանն առնչվող հնարավոր խնդիրներին` Արտակ Պողոսյանը փաստել է՝ և՛ տվյալների ստուգման, և՛ հայտագրման կայքերն աշխատել ու աշխատում են անխափան: Այլ հարց է, որ կան դպրոցներ, որտեղ տեղերը համալրվում են շատ արագ` ընդհուպ համակարգը բացվելուց 40 վայրկյան անց արդեն տեղ չի լինում. «Այդ հսկայական հոսքի դեպքում անգամ գրանցման կայքն աշխատել է առանց խոչընդոտների»:

Ամեն դեպքում, երբ որևէ դպրոցում տեղերը սպառվում են, և ծնողը չի հասցնում գրանցվել, պետք է մեկ այլ դպրոց ընտրել, որտեղ դեռևս տեղերը սպառված չեն:

Արտակ Պողոսյանը նշել է, որ մայիսի 24-ից տվյալների ստուգման և հայտագրման կայքերը հասանելի կլինեն նաև այլ երկրներում գտնվողների համար:

«Եթե դրսում եք, կարող եք ձեր տվյալները փոխանցել Հայաստանում գտնվող ձեր ծանոթին, և նա ստուգի երեխայի տվյալները: Դրանից բացի՝ այսօրվանից կայքերը հասանելի կլինեն դրսում գտնվող ծնողների համար: Կարող են և՛ տվյալները ստուգել, և՛ սահմանված ժամկետներում հայտագրել: Թեպետ այստեղ մի բան կցանկանայի ընդգծել ու դիմել արտերկրում գտնվող ծնողներին. եթե վստահ չեք, որ մինչև սեպտեմբեր կգաք Հայաստան, խնդրում եմ, մի՛ հայտագրեք երեխաներին, որովհետև հետո դա մեծ խնդիրներ է առաջացնում դպրոցի տնօրենի համար: Տնօրենը չգիտի ինչ անել այդ տվյալների հետ՝ հրամանագրել երեխային առաջին դասարան, թե չհրամանագրել: Բացի դրանից` նկատի ունեցեք, որ այդ դեպքում դուք զբաղեցնում եք մեկ այլ երեխայի տեղը»,- նշել է նա:

Արտակ Պողոսյանի խոսքով՝ հայտագրման առցանց գործընթացի նպատակը ի սկզբանե եղել է տարիներ ի վեր ծառացած խնդրի լուծումը, այն է` դպրոցի ընտրության հարցում բոլորի համար ապահովել մեկնարկային հավասար հնարավորություններ. «Նախ՝ այս համակարգով որևէ միջանձնային հարաբերությունների պատճառով ծնողին մերժելու հանգամանքը վերացել է: Նախկինում ծնողը գնում էր դպրոց, որտեղ իրեն ասվում էր, թե տեղ չկա երեխային ընդունելու համար: Հարց է, իրապե՞ս տեղ չկար, թե՞ այդպես ասվում էր ծանոթ-բարեկամների երեխաներին տեղավորելու համար: Առցանց համակարգով ծնողը պարզ տեսնում է, թե որտեղ տեղ կա, որտեղ՝ ոչ: Դրանից բացի՝ լինում էին դեպքեր, երբ դպրոցները լիցենզիայով սահմանված քանակից ավելի երեխաներ էին ընդունում: Ընդ որում՝ երբեմն ստիպված էին այդ քայլին գնում: Այս համակարգը հնարավորություն չի տալիս լիցենզիայում սահմանված տեղերից ավելի երեխա ընդունել: Այսինքն՝ ի սկզբանե հնարավոր չէ խախտել լիցենզավորման կարգը»:

Արտակ Պողոսյանը նաև փաստել է, որ առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգի գործարկման արդյունքներն արդեն նկատելի են: Անցած երկու տարվա վերլուծությունը ցույց է տալիս, որ Երևանում և մյուս քաղաքային համայնքների նախկին գերծանրաբեռնված դպրոցներում որոշակի բեռնաթափում կա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով