ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով Իրանում է

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հրավերով մայիսի 23-ին երկօրյա այցով մեկնել է Թեհրան` քննարկելու երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնման հարցերը: Այս մասին տեղեկացանք՝ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Այցի ընթացքում, մասնավորապես, կողմերը քննարկել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ընթացքի վերաբերյալ հարցեր: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ԻԻՀ գործընկերոջը ներկայացրել է, որ անցակետի արդիականացման արդյունքում վերափոխված շենքային պայմանները ժամանակակից չափանիշներին համապատասխան ընթացակարգեր կիրառելու հնարավորություն կստեղծեն` խթանելով բեռնափոխադրումների արագ սպասարկումը: Արդիականացման ընթացքում հնարավորություն կընձեռվի նաև զարգացնելու և խթանելու Նուրդուզի և Մեղրիի ցամաքային սահմանային դարպասների համատեղ օգտագործումը, ինչպես նաև սահմանին ստեղծելու անհրաժեշտ ենթակառուցվածք: Երկրի հարավային դարպասների արդիականացումը նոր ազդակ կհաղորդի նաև Հայաստան-Իրան առևտրաշրջանառության աշխուժացմանը:

ՀՀ ՊԵԿ և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարները քննարկել են նաև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումների հետ կապված Իրանի և Հայաստանի միջև էլեկտրոնային տվյալների նախնական փոխանակման առավել արդյունավետ իրականացման հետ կապված հարցեր: Կողմերը, ինչպես տվյալ հարցի, այնպես էլ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն ավելի արդյունավետ և փոխհամագործակցված կազմակերպելու նպատակով, պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների գործակցությունը, ինչը դրական ազդեցություն կունենա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծման համատեքստում: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ` օպերատիվ տեղեկատվության փոխանակման, ծագած խնդիրների լուծման և միջազգային համաձայնագրերով նախատեսված բոլոր գործառույթները կյանքի կոչելու նպատակով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ ՊԵԿ նախագահը և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը կարևորել են Հայաստանի և Իրանի մաքսային մարմինների միջև հետագա փոխգործակցության անհրաժեշտությունը:

ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Իրանի հարկային կազմակերպության նախագահ Օմիդ-Ալի Փարսայի հետ: Էդվարդ Հովհաննսիյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի հարկային վարչարարությունում կիրառվող առաջադեմ թվային տեխնոլոգիաների, պետության և բիզնեսի միջև թվային փոխգործակցության կառուցման շրջանակում կիրառվող գործիքակազմը: ՊԵԿ նախագահն իր գործընկերոջը հրավիրել է պատասխան այց կատարել Հայաստան` հարկային վարչարարության ոլորտում կիրառվող էլեկտրոնային համակարգերին ծանոթանալու, ինչպես նաև հնարավոր խորհրդակցության տրամադրման քննարկման նպատակով: Հանդիպման ավարտին ՀՀ ՊԵԿ-ի և ԻԻՀ հարկային կազմակերպության ղեկավարները կարևորել են Հայաստանի և Իրանի հարկային մարմինների միջև փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

ՀՀ ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցի ընթացքում հանդիպում կունենա նաև Իրանի առևտրի պալատի նախագահի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով