ՊԵԿ-ը հայտնաբերել է «α-PVP» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգված

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները և արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ հսկողություն են իրականացրել «ՀայՓոստ» ընկերության փոստի փոխանակման կենտրոնում: Արդյունքում Ուկրաինայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբեվել է 280 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոցի կապտավուն բյուրեղանման զանգված: Այն թաքցված է եղել առաքանու իրերի մեջ:

Դեպքով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների և ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումները, մասնավորապես` «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը: Արդյունքում Երևան քաղաքում գտնվող «ՀայՓոստ»-ի սպասարկման կենտրոնից «α-PVP» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստանալուց հետո հայտնաբերվել  և բերման են ենթարկվել առաքանին ստացող ՀՀ քաղաքացիներ Հ.Բ-ն և Ա.Վ-ն: Նրանք ՊԵԿ Քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների համաձայն մայրաքաղաքում գտնվող մի շարք հասցեներում իրականացվել են խուզարկություններ: Արդյունքում հայտնաբերված առարկաները տրամադրվել են ՊԵԿ Քննչական վարչությանը` հարուցված քրեական գործի լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով