Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար մեղադրանք է առաջադրվել հանրային հաստատության ադմինիստրատորին․ ՔԿ

 

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակչուհին, «Բաղնիք» կոչվող հաստատությունում որպես ադմինիստրատոր աշխատելու ընթացքում, ուղղակի դիտավորությամբ, նշված հանրային հաստատությունն օգտագործել է պոռնկությամբ զբաղվելու համար:

Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նա, պոռնկությամբ զբաղվող կանանց հետ նախնական պայմանավորվածության համաձայն, յուրաքանչյուր անգամ գույքային օգուտ ստանալու դիմաց, 2020թ. հոկտեմբեր ամսին, ուղղակի դիտավորությամբ, նշված հանրային հաստատությունում նրանց համար միջնորդել և ապահովել է հաճախորդներ, ինչի դիմաց վերջիններս ստացված գումարից ամեն անգամ վճարել են միջնորդ-ադմինիստրատորին:

Պարզվել է նաև, որ հաստատության աշխատակցուհին օգուտ է ստացել ոչ միայն պոռնկությամբ զբաղվող համաքաղաքացի կանանց գործողություններից, այլև՝ սենյակների համար վճարվող վարձավճարներից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ադմինիստրատորին մեղադրանք է առաջադրվել՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով