Պատրաստ ենք գործակցել, նույնիսկ՝ քաղաքական դաշինք կազմել բոլոր ազգային ուժերի հետ. «Ազգային օրակարգ»

 

Մինչև 2020 թվականի պատերազմը և նույն թվականի նոյեմբերի 9-ին Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ խայտառակ կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրումից հետո էլ «Ազգային Օրակարգ» կուսակցությունը հրապարակային կերպով հանդես է եկել և հետևողական պայքար է մղել՝ 1) Փաշինյանի ու իր իշխանախմբի հրաժարականի և ապա իշխանազրկման, 2) ազգային համաձայնության անցումային կառավարության ստեղծման, և այնուհետև 3) արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով ազգային իշխանությունների ձևավորման համար։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ցավոք, մի շարք քաղաքական ուժերի հետ մեկտեղ վերջին յոթ ամսվա ընթացքում իրականացվող ընդդիմադիր շարժումը չհասավ մեզ համարընդունելի արդյունքին և այժմ հայ հանրությունը առերեսվում է հակապետական իշխող համակարգի կողմից կազմակերպված արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրողությանը։

Տիրող հակահայկական ուժերից Հայաստանը ազատագրելու և հայոց պետության վերջնական կազմաքանդումը կասեցնելուհամար անհրաժեշտ ազգային-ազատագրական պայքարի համատեքստում՝ կուսակցությունն առկա ընտրությունները դիտարկում և օգտագործելու է միայն որպես նշյալ պայքարը առավել ընդգրկուն դարձնելու հնարավորություն։

Ելնելով վերը շարադրվածից, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել առանց դաշինքների մեջ ներառվելու, մասնակցել հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ինչը նաև հիմնավորվում է հետևյալի հաշվառմամբ՝

ա)«Ազգային օրակարգ» կուսակցությունն իր հանրահռչակման պահից սկսած անհաշտ ընդդիմադիր է եղել թշնամական իշխանակարգին և նրա տարատեսակ արբանյակներին,

բ)ընտրողների շրջանում մեծաքանակ չկողմնորոշվածների հանգամանքը փաստում է հանրության կողմից պահանջարկված գաղափարական-ծրագրային այլընտրանք ձևավորելու անհրաժեշտությունը, ինչպես նաև խիստ կարևորում է սթափ և ճշգրիտ երկխոսությունը՝ անվտանգային և գոյութենական հիմնահարցերի շուրջ,

գ)քաղաքական դաշտում գործող ուժերի տեսանելի մասը այս կամ այն ձևաչափում սպասարկում են արտաքին կենտրոնների շահերը և հաճախ ապագան պատկերացնում են այդ կենտրոններից որևէ մեկին մեր ինքիշխանությունը զիջելու տրամաբանության մեջ։ Ասվածը առաջնահերթ է դարձնում հայությանը անվտանգ, ազատ և արդար Հայաստանի կերտման ազգայնական օրակարգի մեկնաբանումը և տրամադրումը։

Միաժամանակ վերահաստատում ենք, որ որևէ պարագայում ընդհանրության որևէ աղերս չենք ունենալու, և առավել ևս չենք համագործակցելու թշնամական իշխանախմբի և դրան հարակից ուժերի հետ։ Հայտնում ենք նաև, որ իրադարձությունների զարգացմանը զուգընթաց պատրաստ ենք գործակցել, նույնիսկ՝ քաղաքական (ոչ ընտրական) դաշինք կազմել բոլոր ազգային ուժերի հետ՝ ի փառս ինքնիշխան, անվտանգ ու կանգուն Հայաստանի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով