Պատիվ ունեմ եւ ունեմ նպատակ՝ հեռացնել կապիտուլյանտին․․․Մարգարիտ Եսայան

Այսօր կուսակցությունները եւ դաշինքները իրենց համամասնական ցուցակները ներկայացրին ԿԸՀ։ Հետեւաբար, ենթադրելի է, որ մեր երկրում, որը մաս-մաս, լուռ եւ անհաղորդ հանձնվում է թշնամուն, այդուհանդերձ արտահերթ ընտրություն լինելու է․․Սպասենք․․
Ինքս նոյեմբերի 9-ից ի վեր կողմ էի այլ զարգացման՝ կապիտուլյանտի անհապաղ հեռացման, ժամանակավոր կառավարության ձեւավորման եւ միայն այդպես՝ դեպի արտահերթ ընտրություն․․։
Կողմ էի նաեւ հարցի լուծման ցանկացած, այդ թվում՝ ոչ սահմանադրական ճանապարհի։
Ցավոք, սա իրականություն չդարձավ, չկարողացանք, չեղավ, պատճառները՝ շատ են, չթվարկեմ։ Հիմա, ունենք այն, ինչ ունենք եւ երկիրը այսպես արյունաքամ եւ բզկտված, թուրքի շնչի տակ պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրության։
Շատերն են ինձ գրում, զանգահարում, հետաքրքրվում, թե ինչու իմ եւ իմ մի խումբ պայքարի ընկերների անունները չկան <Պատիվ ունեմ> դաշինքի համամասնական ցուցակում։
Բացատրեմ՝ մեր կուսակցությունը իր բոլոր քայլերում եւ որոշումներում եղել է կառուցողական եւ բոլոր որոշումները եղել են արդյունավետ եւ ճշգրիտ։
Այս դեպքում եւս այդպես ենք վարվել։
ՀՀԿ ցուցակում չկան պատահական մարդիկ։ Բոլորն էլ մեզ հետ միասին/թույլ տվեք մեզ անվանել հին, թրծված, կոփված, քաղաքական լրջագույն ճանապարհ անցած գվարդիա/ անցած երեք դժնդակ տարիներին եղել են պայքարի առաջին գծում։
Լինելով երիտասարդ եւ պակաս փորձառու, մեր ընկերները երբեք չդավաճանեցին կուսակցությանը, երբեք կողքի վրա խաղեր չտվեցին, հավատարիմ, նվիրված եւ գրագետ պայքարեցին իշխանությունը երեք տարի առաջ զավթած դավաճանների, հազարավոր զոհերի մեղավորի եւ պատասխանատուի դեմ, պայքարեցին հանուն Հայաստանի Հանրապետության եւ հանուն Արցախի։Նրանց շնորհիվ ՀՀԿ-ն երեւաց նոր դեմքերով, արդեն սիրելի եւ ճանաչելի։
Իսկ պայքարը դժվարին էր, եւ այն շարունակվում է նաեւ այսօր։
Եւ ես հպարտ եմ, որ հենց նրանք են իմ կուսակցական ընկերները։
Ես հպարտ եմ, որ իմ, Արմենի, էդուարդի, Արտակի,Կարինեի, Նիկոյանի, Մինասյանի, Բաղդասարյանի եւ այլոց կողքին համարձակ եւ անվարան կանգնեցին այս հրաշալի մարդիկ, Հայկը, Աննան, Տիգրանը, մյուս Տիգրանը,Հովհաննեսը,մյուս Աննան, շատերը։Եվ անկեղծորեն ուրախ եմ, որ, ընտրությունում հաղթանակի դեպքում, իմ երկրի օրենսդիր մարմնում լինելու են հենց նրանք։
Իսկ քաղաքականապես կոփված եւ փորձառու իմ ընկերները, մենք, բոլորս, չենք դադարեցնում պայքարը։ Մենք լուրջ անելիք ունենք եւ կանենք մեր գործը։Չկասկածեք։
Ամենեւին պարտադիր չէ, որ հայրենիքը փրկելու, երկիրը արյունաքամ վիճակից դուրս բերելու համար բոլորս լինենք Ազգային Ժողովում։
Դրսում եւս ահռելի աշխատանք կա։ Եւ մենք պատրաստ ենք դրան, չկասկածեք։
Ես ու իմ ընկերները պատրաստ ենք համառ եւ հաղթական պայքարի։
Ինչը արել ենք երեք տարի շարունակ եւ կանենք հետայսու։
Սրտանց հաջողություն եմ մաղթում իմ «Պատիվ ունեմ» դաշինքին, Ազգային Ժողովում պետք է լինեն պատիվ եւ արժանապատվություն ունեցող գործիչներ եւ՝ կլինեն․․․։
Գործադիր մարմնում եւս պիտի լինեն պատիվ եւ արժանապատվություն ունեցող արհեստավարժներ, եւ՝ կլինեն։
Չկասկածեք, մենք պայքարը կշարունակենք տարբեր ոլորտներում։
Մի մոռացեք, մենք մեր խրամատը չենք լքել չարաբաստիկ <հեղափոխության> օրերին։
Չկասկածեք՝ մենք մեր խրամատը չենք լքելու նաեւ այսօր, երբ հայրենիքը մաս-մաս եւ անամոթաբար տրվում է թուրքին․․
Քանի դեռ կապիտուլյանտը շարունակում է իր սեւ գործը, ես պայքարելու եմ նրա եւ նրա ազգադավ քայլերի դեմ։ Եւ՝ հաղթելու եմ, չկասկածեք․․․

ՀՀ ԱԺ 5-րդ եւ 6-րդ գումարումների պատգամավոր,բանասեր, լրագրող Մարգարիտ Եսայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով