ՄԻՊ–ը սոցցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

 

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով։ Հաղորդագրությունում ասվում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով:

Խոսքն այն պաշտոնյաների մասին է, որոնք`

1) սոցիալական ցանցերում հրապարակային հայհոյանքներ կամ այլ վիրավորանք են գրում կամ անում են գրառումներ, որոնք բռնությունն արդարացնող են կամ խրախուսող.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2) չեն հեռացնում իրենց էջերի հրապարակումների ներքո ծավալվող նշված բովանդակությամբ գրառումները.

3) հավանումներով (առնվազն Like) աջակցում են նման գրառումները կամ հրապարակայնորեն կիսվում են դրանցով.

4)արդարացնում են (այդ թվում` հրապարակայնորեն) իրենց ենթակաների հայհոյանքներ կամ այլ վիրավորանք կամ բռնությունն արդարացնող կամ խրախուսող գրառումները` պատճառաբանելով, թե կարևորն իրենք գոհ են նրանց աշխատանքային պարտականությունների կատարումից կամ էլ, թե դրանով զբաղվելն իրենց գործառույթը չէ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ուղարկվել նաև կոնկրետ պաշտոնյաների արարքների օրինակներ:

Սոցիալական ցանցերում լարվածությունը վտանգավոր չափերի է՝ հատկապես հաշվի առնելով պատերազմին հաջորդած էմոցիոնալ լարվածությունը: Ակնհայտ է, որ նման իրավիճակում պետության ուղիղ պարտավորությունն է այս ամենը կանխելը, համերաշխության ու խաղաղության մթնոլորտ երաշխավորելը:

Իսկ նշված պաշտոնյաներն իրենց պահվածքով խոչընդոտում են պետության այդ խնդրի լուծմանը, միայն նպաստում են լարվածության ավելացմանը, նրանց անօրինական պահվածքի պատճառով ավելանում է ագրեսիվությունը հասարակությունում:

Սրան էլ ավելանում է այն, որ նրանց գրառումները տեղադրվում են սոցիալական ցանցերի մեծաքանակ հետևորդներ ունեցող լրատվական կամ այլ բնույթի էջերում, որի պատճառով նշված գրառումները ստանում են առավել լայն տարածում ու վտանգավոր ազդեցություն ունենում լարվածության մթնոլորտի վրա:

Դա էլ իր հերթին վտանգավոր է, քանի որ իրական կյանք տեղափոխվելով՝ կարող է հանգեցնել բռնության դեպքերի:

Այս հաղորդումները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ուղարկելը պայմանավորված է հատկապես նրանով, որ խոսքը պաշտոնյաների կողմից քաղաքացիների իրավունքները խախտող, երկրում մարդու իրավունքների համակարգը խարխլող արարքների մասին է:

Նման անօրինական վարքի տեր պաշտոնյաներն իրենց պահվածքով վնասում են մեր պետության մարմինների հեղինակությունը:

Այս հարցերով վերջերս դիմել էի նաև ՀՀ իրավապահ մարմիններին` Դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն և Ոստիկանություն, այդ թվում` կապված հանցագործությունների դեմ պայքարի, դրանց կանխման ու նախականխման նրանց կարևոր գործառույթների հետ:

Պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, հանրային իշխանության ոլորտում պաշտոն զբաղեցող անձինք պետք է իրենց պահվածքով օրինակ լինեն համերաշխության համար, իրենք են առաջնահերթ պարտավոր բացառել մարդու արժանապատվությունը վիրավորող, բռնության հետ առնչություն ունեցող ցանկացած տեսակի խոսք, առավել ևս այդ արատավոր երևույթների արդարացում կամ խրախուսում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով