Կառավարության հատկացրած 2,9 մլրդ դրամով մարզերում 15 նոր դպրոց և 10 նոր մանկապարտեզ կկառուցվի. ԿԳՄՍՆ

Կառավարության՝ մայիսի 6-ին կայացած նիստի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեն ավելացվել է 2 մլրդ 942 մլն 825 հազար դրամով: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի զեկուցմամբ` գումարը նախատեսվում է հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ ՀՀ մարզերում սովորողների փոքր համակազմ ունեցող 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցումը շարունակելու, ինչպես նաև 10 մոդուլային մանկապարտեզների շինարարության համար: Մասնավորապես, Արմավիրի մարզի Արևիկ համայնքում 144 սանի համար նախատեսված մոդուլային մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներն այս տարի կավարտվեն, իսկ 9 համայնքում նույն տիպի մանկապարտեզների կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերը կմշակվեն, կտրվի նաև շինարարական աշխատանքների մեկնարկը:

Մոդուլային դպրոցների մարզային բաշխվածությունը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
  • Սյունիքի մարզ` 3 դպրոց. Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց, Վաղատինի միջնակարգ դպրոց, Դարբասի միջնակարգ դպրոց,
  • Արագածոտնի մարզ` 2 դպրոց. Լուսակնի միջնակարգ դպրոց, Գառնահովիտի միջնակարգ դպրոց,
  • Գեղարքունիքի մարզ` 2 դպրոց. Լեռնահովիտ գյուղի Վ. Բարեղամյանի անվան հիմնական դպրոց, Շատջրեք գյուղի միջնակարգ դպրոց,
  • Լուռու մարզ` 2 դպրոց. Մեդովկայի միջնակարգ դպրոց, Հագվու հիմնական դպրոց,
  • Կոտայքի մարզ` 2 դպրոց. Ջրառատի միջնակարգ դպրոց, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց,
  • Արարատի մարզ` 1 դպրոց. Դեղձուտի միջնակարգ դպրոց,
  • Արմավիրի մարզ` 1 դպրոց. Արգինայի միջնակարգ դպրոց,
  • Վայոց ձորի մարզ` 1 դպրոց. Եղեգիսի միջնակարգ դպրոց,
  • Շիրակի մարզ` 1 դպրոց. Բերդաշենի միջնակարգ դպրոց:

Նախագիծը ներկայացնելիս ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ կառուցվող բոլոր մոդուլային դպրոցներն ապահովված կլինեն ապաստարաններով:

«Ենթադրվում է, որ մոդուլային դպրոցները պետք է ծառայեն նաև որպես համայնքային զարգացման կենտրոններ` ստանձնելով մշակութային, սպորտային և ժամանցի կենտրոնի գործառույթներ»,- նշել է նա:

Մոդուլային մանկապարտեզների մարզային բաշխվածությունը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
  • Արմավիրի մարզի Արևիկ համայնք. (Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի շինարարությունը մինչև տարեվերջ ավարտին հասցնելու համար հատկացվել է 496 մլն 565 հազար դրամ),
  • Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք,
  • Արարատի մարզի Արալեզ համայնք,
  • Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնք,
  • Լոռու մարզի Սպիտակ համայնք,
  • Կոտայքի մարզի Հրազդան համայնք,
  • Շիրակի մարզի Արթիկ համայնք,
  • Սյունիքի մարզի Կապան համայնք,
  • Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայր,
  • Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայր:

Ըստ Կառավարության որոշման` մոդուլային մանկապարտեզների կառուցման նպատակով նախատեսվել է 1 մլրդ 396 մլն 565 հազար դրամ: Մանկապարտեզների կառուցումը նախադպրոցական կրթության համակարգում երեխաների ընդգրկվածությունը մեծացնելու՝ պետական ծրագրով նախատեսված միջոցառումներից է:

Մարզերում մոդուլային դպրոցների կառուցման ծրագրին կհատկացվի 1.5 մլրդ դրամ: Համայնքային բնակավայրերն ընտրվել են` հաշվի առնելով, որ դպրոցում սովորում է մինչև 100 աշակերտ, ունի սեյսմակայունության խնդիր, ուստի շենքի վերականգնումը տնտեսապես արդյունավետ չէ: Պարտադիր պայման է նաև, որ տվյալ դպրոցը բնակավայրում միակը լինի: 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցումը մեկնարկել է 2020 թվականին, որը, սակայն, պատերազմական իրավիճակով պայմանավորված, անցյալ տարի ընդհատվել է: Այժմ ծրագիրը շարունակվում է:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթության ոլորտի բարեփոխումները Կառավարության համար առաջնային նշանակություն ունեն, և այդ ուղղությամբ նախաձեռնվել են պետական մի շարք ծրագրեր` մանկապարտեզից մինչև գիտություն: Վարչապետի պաշտոնակատարը հանձնարարել է մշակել նախադպրոցական կրթության ոլորտի մանկավարժների մասնագիտական կատարելագործման նոր համակարգ, որպեսզի վերապատրաստումներն ու ատեստավորումները խթանեն մանկավարժների աշխատավարձի բարձրացումը:

Մարզպետներն էլ հանձնարարական են ստացել ՀՀ բոլոր բնակավայրերում մանկապարտեզներ հիմնելու վերաբերյալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով