Իտալիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Մայիսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալֆոնսո դի Ռիզոյին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Շնորհավորելով Ալֆոնսո դի Ռիզոյին նշանակման կապակցությամբ՝ Ավետ Ադոնցը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ուրույն ներդրումը կունենա հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում։

Դեսպան Դի Ռիզոն իր հերթին կարևորեց երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը՝ ներկայացնելով Հայաստանում իր ապագա գործունեության հիմնական գերակայությունները։

Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև՝ տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Մասնավորապես, ԱԳ նախարարի տեղակալը դեսպանի ուշադրությունը հրավիրեց ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զորամիավորումների սադրիչ գործողությունների վրա՝ ակնկալելով գործընկեր երկրների առավել ակտիվ և հասցեական արձագանքը։

Ավետ Ադոնցը ներկայացրեց նաև Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, հրատապ խնդիրների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից մարդասիրական աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով