ՀԱՍԱԿ-ը այս ընտրություններում չեզոք է լինելու՝ վստահ լինելով, որ մեր հասարակությունը խոհեմ կգտնվի ճիշտ որոշում կայացնելու համար

 

ԽՍՀՄ անկումից 30 տարի անց թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում պետականության ճգնաժամ է և այդ իմաստով Հայաստանում այսօր ընթացող գործընթացները նման են ռուսաստանյան զարգացումներին: Այս մասին «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության և «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբի կազմակերպած քննարկմանը հայտարարեց ռուս քաղաքագետ, ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը:
Նրա խոսքով, առկա մարտահրավերները սպառնում են հայկական պետականությանը թե՛ նոր պատերազմի, թե՛ քաղաքական երկարատև անկայունությամբ: Ըստ նրա, Հայաստանում ընթացող գործընթացները պետք է ամբողջական դիտարկել, գալով տարիների խորքից և ոչ թե միայն կենտրոնանալ հարցի վրա, թե ո՞վ կհաղթի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններում:
«Այսօր թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում հասարակությունները երկփեղկված են, մարդիկ տարբեր կարծիքներ ունեն. դա նորմալ է, բայց եկել է ընտրություն կատարելու ժամանակը: Կարևոր է գիտակցել, որ պատերազմ է ընթանում մշակութային և լրատվական դաշտում, պատերազմ է նաև ավանդական արժենքերը ոտնահարելու և կործանելու իմաստով: Երբ 30 տարի առաջ ԽՍՀՄ-ը փլուզվեց, հայ հասարակությունը միակամ էր`  անկախության կողմնակից էր, իսկ այժմ Հայաստանի ապագայի վերաբերյալ մոտեցումները տարբեր են: Իսկ հստակ է մեկ բան, որ Հայաստանի ապագան մշուշոտ է»,- ասաց նա:
Լեպեխինը նշեց, որ եթե օբյեկտիվ գնահատենք Հայաստանում ստեղծված իրավիճակը, ապա ներքաղաքական և արտաքին քաղաքական առումներով այն փակուղային է: Դրան գումարած, նորից գլուխ է բարձրացրել թշնամին, որը կանգ չի առնելու ոչնչի առջև և շարունակելու է էքսպանսիան հայկական տարածքների նկատմամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ադրբեջանի դիրքերն այդ իմաստով ավելի բարենպաստ են, քանի որ իր բնակչության թվաքանակը մեծանում է, մինչդեռ Հայաստանի բնակչությունը, տարբեր պատճառներով, գնալով կրճատվում է, ինչը չի կարող իր ազդեցությունը չունենալ ապագայի վրա»,- հավելեց նա:
“Հանուն սոցիալական արդարության” կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն էլ նշեց, որ Հայաստանն իսկապես այսօր շատ ծանր ճգնաժամի ճիրաններում է հայտնվել, որը կապված է թե՛ ներքաղաքական օրակարգի, թե՛ այն իրավիճակի, որ առկա է տարածաշրջանում և Հայաստանի սահմանների շուրջ:  Ըստ այդմ, նշեց նա, այդ իրավիճակը թույլ չի  տալիս մեր երկրին այս պահին անցկացնել ընտրություններ: “Ընտրությունները քաղաքական ուժերի միջև պայքար են ենթադրում, բայց այսօր տեսանելի է, որ այդ պայքարը միանշանակ դրական չի կարող ազդել մեր երկրում ազգային կոնսոլիդացիայի առումով և ազդելու է միայն բացասական: Հետևապես մենք կոչ ենք անում բոլորին լինել միասնական և կոնսոլիդացվել իրապես ազգային գաղափարների շուրջ”,-նշեց նա:

Ղուկասյանի խոսքով, բացի առկա ծանր իրավիճակը, ակնհայտ էր, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար շատ քիչ ժամանակ էր տրվել ուժերին, որպեսզի նրանք կարողանային ըստ արժանվույն ներկայացնեն իրենց ծրագրերը:

«Մենք ի սկզբանե նշել էինք, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի նպատակն այն է, որ մասնակցի ընտրություններին և փորձի գալ իշխանության: Բայց քանի որ երկիրը գտնվում է իսկապես բացառիկ իրավիճակում և ժամանակը կարճ է, մենք տեսնում ենք, որ պայքարը լինելու է երկու հիմնական ուժերի միջև: ՀԱՍԱԿ-ը այս ընտրություններում չեզոք է լինելու՝ վստահ լինելով, որ մեր հասարակությունը խոհեմ կգտնվի ճիշտ որոշում կայացնելու համար»,- շեշտեց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կուսակցության նախագահը ընդգծեց՝ երբեք չեն կարևորել զուտ ԱԺ-ում հայտնվելը, դա ինքնանպատակ չէ: Նպատակն այն է, որ երկիրը լինի խաղաղ, կայուն, ուժեղ: Իսկ ընտրություններին չմասնակցելը չի նշանակում, որ կուսակցությունը պասիվ գործելաոճ է որդեգրելու, այլ հակառակը՝ բոլոր մարզերում էլ ավելի ակտիվ է լինելու և պատրաստվելու է հաջորդ քաղաքական գործընթացներին:

Իր հերթին կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը մատնանշեց, որ  պետության գոյությունն այսօր վտանգված է և ինչպես 100 տարի առաջ, այսօր էր թշնամին փորձում է կործանել Հայաստանն ու սպառնում հայերիս անվտանգությանը:

Նրա խոսքով, Հայաստանի շուրջ այսօր շատ մտահոգիչ գործընթացներ են տեղի ունենում, և ակնհայտ է, որ լայն կոնսոլիդացիայի խնդիր ու պահանջ կա, քանի որ միայն միահամուռ ուժերով կարող ենք դիմակայել թշնամուն:

«Հույս ունենք, որ քաղաքական ուժերը կունենան այդ խոհեմությունը և կմիավորվեն այն հարցերի շուրջ, որոնք ուղղակիորեն կապ ունեն Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի ու գոյության հետ»,- ասաց նա:

Կոստանյանն անդրադարձավ նաև դաշնակիցների հետ հարաբերություններին՝ նշելով, որ Հայաստանը պետք է հստակ ու ընդգծված դիրքորոշում ունենա այդ հարաբերություններում, լինի թափանցիկ իր գործընկերների համար, քանզի միայն այդ դեպքում է հնարավոր փոխշահավետ հարաբերություններ կառուցել. «Հակառակն ուղղակի վնասում է մեր անվտանգությանն ու խնդիրներ ստեղծում ՀՀ բնականոն զարգացման համար»,-հավելեց նա:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով