Ըմբիշներ Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել։ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկները դուրս են եկել եզրափակիչ՝ միևնույն ժամանակ նվաճելով Տոկիոյում կայանալիք խաղերի ուղեգիր։

Արմեն Մելիքյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 10:1 հաշվով հաղթել է մեքսիկացի Սամուել Վիգուերասին: 1/8 եզրափակչում Մելիքյանը 9:0 հաշվով պարտության է մատնել լիտվացի Յուստաս Պետրավիչյուսին, 1/4 եզրափակչում 3:1 հաշվով հաղթել է ռումինացի Ռազվան Արնաուտին, իսկ կիսաեզրափակչում ուժեղ է եղել հարավկորեացի Հանջա Չունից՝ 5:2: Եզրափակչում Արմեն Մելիքյանը պետք է մրցեր մոլդովացի Վիկտոր Չոբանուի հետ, սակայն վնասվածքի պատճառով չի մասնակցել գոտեմարտին:

Կարեն Ասլանյանը, պայքարը սկսելով 1/8 եզրափակչից, վստահ հաղթանակներ է տոնել նորվեգացի Մորտեն Տորեսենի (8:0), Ղրղզստանի ներկայացուցիչ Ամանտուր Իսմաիլովի (10:5), ֆրանսիացի Մամադասա Սիլայի (3:1) նկատմամբ: Եզրափակչում Ասլանյանի մրցակիցը՝ Ուկրաինայի ներկայացուցիչ Պավրիզ Նասիբովը, հրաժարվել է պայքարից, և հաղթանակը շնորհվել է հայ ըմբիշին:

Սոֆիայի վարկանիշային մրցաշարին մասնակցել են նաև ազատոճային ըմբիշներ Արման Անդրեասյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ), որոնց, սակայն, չի հաջողվել օլիմպիական վարկանիշ նվաճել:

Հայ ըմբիշների ելույթներին մրցավայրից հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որն աշխատանքային այցով մեկնել էր Սոֆիա, և Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը։

Այժմ Հայաստանն Օլիմպիական խաղերի 8 ուղեգիր ունի․ ավելի վաղ ուղեգրեր էին նվաճել բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով