Ազատոճային ըմբիշները 4 մեդալ են նվաճել Եվրոպայի Մ-23 առաջնությունում

Սկոպյեում (Հյուսիսային Մակեդոնիա) ընթացող Եվրոպայի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ազատ ոճի հավաքականը 4 մեդալ է նվաճել՝ երկուական արծաթե և բրոնզե:

Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր են դարձել Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ): Պապիկյանը, պայքարը սկսելով քառորդ եզրափակչից, նախ հաղթել է ուկրաինացի Արտյոմ Կրիվենկոյին, ապա թուրք Էմրա Օրմանօղլուն, իսկ եզրափակչում զիջել է վրացի Թեյմուրազ Վանիշվիլուն: Ալիխանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից՝ հաղթելով ավստրիացի Սիմոն Մարշլին, ապա թուրք Իսա Դեմիրին և հույն Գեորգիոս Կուգիումսիդիսին. եզրափակչում հայ ըմբիշը զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Չերմեն Վալիևին:

Մ-23 տարիքային խմբում Եվրոպայի բրոնզե մեդալակիր են դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ): Ազատոճային ըմբիշներից Եվրոպայի առաջնությանը մասնակցել են նաև Կարեն Զուրաբյանը (57 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):

Հաջորդիվ պայքարի են դուրս գալու հունահռոմեական ըմբիշները. Հայաստանի հավաքականն առաջնությանը ներկայացել է հետևյալ կազմով՝ Աշոտ Մխիթարյան (55 կգ), Տիգրան Մինասյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Գուրգեն Ալեքսանյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Սամվել Գրիգորյան (77 կգ), Գագիկ Հակոբյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Ալբերտ Եղիկյան (97 կգ) և Դավիթ Օվասափյան (130 կգ):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով