Ատեցեք զմիմեանս.«168 ժամ»

«Առաջիկա խորհրդարանական ընտրությունների հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանք տեղի են ունենալու ատելության աննախադեպ մթնոլորտում։ Ընտրություններին մասնակցող բոլոր կողմերը թշնամանքի աստիճանի ատում են իրար։ Բայց այնպես չէ, որ ատելությունը միայն քաղաքական ուժերի միջև է։

Հասարակությունը ևս ծայրաստիճան բևեռացված է, և դրա հիմքում ընկած է կրկին ատելությունը։ Քաղաքացիները, ըստ այդմ, ընտրություն են կատարելու ոչ թե այս կամ այն ուժին ու գործչին համակրելով, հետևելով նրանց ներկայացրած ծրագրերին և այլն, այլ հիմնվելու են ատելության վրա։

Հանրությունը բաժանված է սեգմենտների, որոնցից յուրաքանչյուրի ներկայացուցիչն ատելությամբ է լցված հակառակորդ սեգմենտի ու նրա թեկնածուների նկատմամբ։ Հետևաբար՝ մարդիկ ընտրություն են կատարելու բացառման սկզբունքով, այսինքն՝ բացառելով, որ կարող են ընտրել այս կամ այն գործչի գլխավորած ցուցակը, եթե անգամ նա մանանա խոստանա։

Այդ տրամաբանությամբ՝ Նիկոլ Փաշինյանին ատողները որևէ պարագայում չեն ընտրելու «Իմ քայլին» և ընտրություններին մասնակցելու դեպքում փորձելու են գտնել այլ, պակաս ատելի ցուցակ։ Ռոբերտ Քոչարյանին ատողները որևէ դեպքում չեն ընտրելու նրան՝ իրենց ձայնը տալով կամ «Իմ քայլին», կամ ընդդիմադիր որևէ այլ ուժի։ Նույնը վերաբերում է նաև ՀՀԿ-ին ու ՀԱԿ-ին, եթե, իհարկե, վերջինս մասնակցի ընտրություններին։

Քաղաքական դաշտի նման սեգմենտավորումն ընտրություններին մասնակցող ուժերին ստիպում է դիրքավորվել ոչ թե պոզիտիվ նախընտրությունների տիրույթում, այլ նեգատիվ հարթությունում՝ մրցակիցների հետ ոչ թե գաղափարական կամ ծրագրային պայքար տանելու, այլ հանրության այս կամ շերտի կողմից պակաս ատելության արժանանալու մղումով։

Այս տեսանկյունից քաղաքական դաշտի բազմազանությունը, ընտրություններին ոչ թե միասնական բևեռով, այլ տարբեր դաշինքներով մասնակցելու մարտավարությունը կարող է արդարացված համարվել․ դա հնարավորություն կտա ինչ-որ իմաստով դիվերսիֆիկացնել հանրության ատելությունը և փոխադարձ բացառումների սկզբունքով որոշակի ձայներ ստանալ։

Մարտավարական առումով արդարացված լինելով, այս մոտեցումն ունի լուրջ ռազմավարական թերություն․ իշխանությունն ատելության հիմնական գեներացնողն է և մեծ հնարավորություն ունի ուղղորդել այդ ատելությունը բոլոր ուղղություններով՝ փորձելով դիրքավորվել որպես մնացյալ բոլոր ատելի ուժերին այլընտրանք։ Եվ քանի որ ընտրությունների հիմնական մոտիվը կրկին լինելու է «նախկինների դեմ պայքարը», իսկ Նիկոլ Փաշինյանից բացի՝ հիմնական մյուս մասնակիցների մեծ մասը նախկիններն են, նա փորձելու է ներկայանալ՝ որպես բոլորի նկատմամբ հավաքական ատելության դրոշակակիր։

Այս ընտրությունների գլխավոր պարադոքսն այն է, որ իրականում ամենաշատն ատելության արժանի Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է հաղթելու համար՝ այդ ատելությունն ուղղորդելով այլոց նկատմամբ։

Սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե հունիսի 20-ի ընտրություններում հաղթի մաղձը՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Հասարակությունն ունի դա թույլ չտալու հնարավորություն։ Եզակի ու գուցե վերջին հնարավորությունը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով