Աշխատանքային այցեր՝ առարկայական չափորոշիչները Տավուշի դպրոցներում փորձարկելու նպատակով

Հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 30-ի համապատասխան հրամաններով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա առարկայական փորձնական չափորոշիչները և ծրագրերը՝ ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով:

Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի շրջանակում մշակվել են հետևյալ ուսումնական բնագավառների չափորոշիչները՝ հայոց լեզու, հայ գրականություն, հասարակական գիտություններ, օտար լեզուներ, արվեստ, ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն: ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ն իրականացրել է հանրակրթական ուսուցչական անձնակազմերի վերապատրաստումներ, իսկ մասնագիտական աշխատանքային խմբերը մշակել են ուսումնական նյութեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոնի» վերանայած առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկման նպատակով տեղի են ունեցել աշխատանքային այցեր Տավուշի մարզի 4 կրթական հաստատություններ: Փորձագիտական խմբերը դասապրոցեսի դիտարկումներ են իրականացրել Իջևանի հիմնական, Թեղուտի, Ներքին Կարմիրաղբյուրի և Այգեձորի միջնակարգ դպրոցներում: ԾԻԳ-ի ձևավորած աշխատանքային խմբերում ներգրավված են ավելի քան 32 մասնագետներ, ովքեր մշակել են առարկայական չափորոշիչները և ուսումնական նյութերը:

Վերոնշյալ ուսումնական բնագավառների չափորոշիչների նախափորձարկումներ են նախատեսվում նաև ՀՀ Արագածոտնի և Երևանի մի շարք դպրոցներում: Այդ նպատակով ներկայում փորձագիտական խմբերը շրջայցեր են կատարում ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 1 հիմնական, ինչպես նաև Մուղնու, Բյուրականի և Կոշի միջնակարգ դպրոցներում:

Նշենք, որ առարկայական չափորոշիչներն անցել են հանրային և մասնագիտական քննարկումների տևական փուլ՝ ուսուցչական համայնքների և ոլորտի մասնագետների հետ: Ներկայացված բազմաթիվ առաջարկների հիման վրա դրանք շտկվել, խմբագրվել ու լրամշակվել են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով