«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի մոտ հայտնաբերվել է ծխախոտի տուփում քողարկված, 1,16 գրամ քաշով, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված

2021 թվականի մայիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն տեղափոխվող դատապարտյալ Վ. Մ.-ն փորձելու է ձեռք բերել թմրամիջոց։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Հաջորդ օրը՝ ժամը 00:40-ի սահմաններում, անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել բժշկական կենտրոնից հիմնարկ վերադարձվող վերոնշյալ դատապարտյալին, ինչի արդյունքում վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերել են ծխախոտի տուփում քողարկված, 1,16 գրամ քաշով, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ, փոշենման զանգված:

Արգելված իրերի ներթափանցման մեկ այլ փորձ կանխվել է նաև ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում, որտեղ մայիսի 23-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, հիմնարկի ծառայողները, ցուցաբերելով աչալրջություն, զբոսահրապարակի պատի տակ նկատել և հայտնաբերել են ներնետված փաթեթ։ Զննվող փաթեթում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 3,68, 2,70, 1,57 և 1,22 գրամ քաշերով դեղնականաչավուն, առանձնացված զանգվածներ, 2 բջջային հեռախոս:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով