Արման Թաթոյանը երեկ ընդունել է ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ ընդունել է ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությանը` ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին, ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանին և ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանին: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ԱԱԾ պահեստազորի բարձրաստիճան սպաներին է ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր 9-ից սկսած Սյունիքում և Գեղարքունիքում, ինչպես նաև Սյունիքի մի շարք համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինծառայողներրի արարքներով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը:

Այդ փաստերի հիման վրա Պաշտպանը ներկայացրել է Սյունիքի ու Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու բացարձակ անհրաժեշտությունը:

ԱԱԾ պահեստազորի բարձրաստիճան սպաները նշել են, որ իրենց գործունեության նպատակներից է հետպատերազմական շրջանում Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանության նպաստելը: Այնուհետև, նրանք ներկայացրել են իրենց դիտարկումները ՀՀ սահմանային անվտանգության վիճակի հետ կապված` հաշվի առնելով իրենց երկար տարիների փորձը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կոնկրետ իրավիճակներ: Պահեստազորի սպաների միության անդամները նաև նշել են, որ իրենք նույնպես արձանագրել են ադրբեջանական զինծառայողների սադրանքները ՀՀ սահմանին, որոնք պետք է ամեն գնով կանխել, իսկ դրա երաշխիքը նրանց հեռանալն է ՀՀ սահմանային գյուղերի անմիջական հարևանությամբ վայրերից ու ճանապարհներից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և վերադարձի հրատապության հարցերը, փոխանակվել տեղեկություններով ու կարծիքներով:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում հատկապես օգտակար էր ԱԱԾ պահեստազորի սպաների վերլուծությունը սահմանային անվտանգության հարցերով` հաշվի առնելով նրանց երկար տարիների փորձն այս ոլորտում:
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, այդ թվում` կոնկրետ իրավիճակներ հաշվի առնելով:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով