Ադրբեջանցի մի խումբ զինված զինծառայողներ Վերին Շորժայի հատվածում հատել են ՀՀ սահմանը, կրակահերթեր արձակելով՝ պահանջել ազատել տարածքը․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել այսօր Գեղարքունիքում ադրբեջանցի զինծառայողների սադրանքի առնչությամբ, որի հետևանքով հայ զինծառայող էր զոհվել։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«2021թ.մայիսի 25-ին՝ ժամը 14.20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության  զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ՝ իրենց հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության, ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանը և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորություն ունենալով` բռնության կոչեր են հնչեցրել ՀՀ պետական սահմանի Վերին Շորժա բնակավայրի հատվածում պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների նկատմամբ, պահանջել են դիմադրություն ցույց չտալ ու ազատել տարածքը, որի ընթացքում դիտավորությամբ կրակահերթեր են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, որի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ` 1989թ. ծնված Գևորգ Յուրիկի Խուրշուդյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ էլ ժամը 15:20-ին արձանագրվել է նրա կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի  329-րդ հոդվածի 2-րդ մասով,  300.2-րդ հոդվածով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով նախատեսված հանցագործությունների  հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթ:

Կատարվում է նախաքննություն»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով