Տարածաշրջանում անհնար է ապահովել կայունություն առանց Արցախյան հիմնախնդրի արդար կարգավորման. Արմեն Սարգսյան

 

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս հարևան Վրաստանի հետ բարեկամությանն ու համագործակցությանը: Այս մասին Թբիլիսիում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպման արդյունքներով հայտարարեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ հայ-վրացական հարաբերություններն ունեն դարերի պատմություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կարող եմ վստահորեն նշել, որ Վրաստանի հետ մեր հարաբերությունների ամրապնդումն ինչպես մեր երկրների, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության և զարգացման կարևոր նախադրյալներից մեկն է»,- նշեց Սարգսյանը:

Նա հայտնեց, որ Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել են օրակարգային հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության ու մշակույթի և այլ ոլորտներին: ՀՀ նախագահի խոսքով՝ համագործակցության մեծ ներուժ կա ժամանակակից տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կենսատեխնոլոգիների, կիբերանվտանգության, պարենային անվտանգության ոլորտներում:

«Անդրադարձանք նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հարցերին՝ հաշվի առնելով Հայաստանի դեպքում Լեռնային Ղարաբաղի դեմ Թուրքիայի ակտիվ ու բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված նոր իրողությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես իմ վրացի գործընկերոջը ներկայացրեցի ԼՂ հարցում հայկական կողմի մոտեցումներն ու տեսակետները: Հատուկ ընդգծեցի, որ տարածաշրջանում անհնար է հաստատել տևական խաղաղություն և ապահովել կայունություն առանց նաև Արցախյան հիմնախնդրի արդար կարգավորման: Այդ թվում նշեցի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման հնարավորությունն ու դրա անհրաժեշտությունը: Շեշտեցի պատերազմի հետևանքով առաջացած հսկայական մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից գերիներին և պատանդներին, կամ այն անձանց, ովքեր այդպիսի կարգավիճակ ունեն, նրանց ազատ արձակման հարցում շուտափույթ լուծում գտնելու անհրաժեշտությունը։ Սա շատ էական խնդիր է, և սա հումանիտար խնդիր է»,- հայտարարեց Արմեն Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ անթույլատրելի է պատերազմից հետո ստեղծված իրավիճակն Ադրբեջանի կողմից շահարկելը, ազգային արժանապատվության ոտնահարման քաղաքականություն վարելը: «Այս քաղաքականությունը չի կարող նպաստել երկխոսության մթնոլորտի ձևավորմանը»,- ասաց նա՝ մտահոգություն հայտնելով նաև ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության հարցով։

Ելույթի վերջում շնորհակալություն հայտնելով Սալոմե Զուրաբիշվիլիին ջերմ ընդունելության համար՝ նա հույս հայտնեց վրաց գործընկերոջն առաջիկայում տեսնել Հայաստանում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով