Սպառնալիքն այն է, որ Թուրքիան սահմանի բացման պարագայում կանի ամեն ինչ, որպեսզի Հայաստանը վերածի Աջարիայի նման վայրի՝ իր բիզնեսի տեսանկյունից, իր տնտեսության տեսանկյունից.Ռոբերտ Քոչարյան

Ռուս լրագրող Վլադիմիր Պոզների հեղինակային հաղորդման շրջանակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի առաջ ծառացած խնդիրներին և պատասխանելով լրագրողի հարցին՝ նշել է, որ մեզ համար սպառնալիք է Թուրքիան:

«Իհարկե, Թուրքիան: Սպառնալիքը մեզ համար պատմական է, այն ընկալվում է ինչպես և՛ հայերի կողմից, այնպես էլ թուրքերն են մեզ ընկալում որպես սպառնալիք: Դրանով է բացատրվում փակ սահմանը, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը: Սպառնալիքն այն է, որ Թուրքիան սահմանի բացման պարագայում կանի ամեն ինչ, որպեսզի Հայաստանը վերածի Աջարիայի նման վայրի՝ իր բիզնեսի տեսանկյունից, իր տնտեսության տեսանկյունից: Ես այստեղ որոշակի վտանգ եմ տեսնում»,– ասել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ մեր պատմական կողմնորոշումը դեպի Ռուսաստան վրդովեցնում է ոչ միայն Թուրքիային: Այն վրդովեցնում է նաև ԱՄՆ-ին, ինչպես նաև շատ շատերին:

«Հայաստանում բավականին ակտիվ աշխատում են ուժեր, որոնք փորձում են խաթարել այդ հարաբերությունները, մեղադրել Ռուսաստանին այն բանում, որ մենք պարտվել ենք պատերազմում: Այսպես կոչված՝ հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց գլոբալ են համարում և իբրև գլոբալ արժեքներ են քարոզում, նրանք շատ են Հայաստանում: Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես է խարխլվում մեր ինքնորոշման հիմքը: Դա տեղի է ունենում ամենօրյա ռեժիմով»,- ասել է Քոչարյանը:

Պոզների հարցին այն մասին, թե ինչու Քոչարյանը հեռացավ 2008 թվականին, երկորդ նախագահը պատասխանել է, որ լրացել էր սահմանադրությամբ ամրագրված ժամկետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոսելով 2008 թվականի մարտին Երևանում զոհերի համար պատասխանատվություն կրելու մասին, քանի որ իրեն մեղադրում էին արյուն թափելու համար Քոչարյանը ասել է.

«Բացատրեմ: Արդեն ընտրված էր ՀՀ նոր նախագահը: Իմ ժամկետը ավարտին էր մոտենում և 2008 թվականի ապրիլի 9-ին ես հանձնեցի իմ լիազորությունները: Այսինքն՝ խոսքը իմ կողմից սեփական իշխանությունը պահպանելու մասին չէր: Փողոցային անկարգություններ էին տեղի ունենում, արտակարգ դրություն էր սահմանվել, ոստիկանության հետ բախումներ էին տեղի ունենում, որի ընթացքում 2 ոստիկան մահացավ, ավելի քան 180 մարդ էր վիրավորվել: Բեկորային վնասվածքներ կային, վիրավորվել էին նաև Մոլոտովի կոկտեյլներից: Այսինքն, միակ բանը, որ ես արել եմ այդ ժամանակ, արտակարգ դրություն սահմանելն էր, որը ես պարտավոր էի անել` ելնելով ծառայողական դիրքից: Տառացիորեն մեկ շաբաթ առաջ Հայաստանի սահմանադրական դատարանը չեղարկել է օրենքի այն հոդվածը, որով ինձ մեղադրանք է առաջադրվել:

Խոսելով Ղարաբաղյան վերջին պատերազմում պարտության հետևանքով Հայաստանից և Արցախից սկսված արտագաղթի մասին, Քոչարյանն ասել է.

«Իմ կարծիքով,  բնականաբար, ինքնության որոշակի ճգնաժամ կա այդպիսի հարվածից ու այդպիսի շոկից հետո: Հարցը նաև նրանում է, թե ինչպիսի տեղ է զբաղեցնում պետությունը մեր սեփական ընկալման մեջ: Մենք շատ ուժեղ ազգային բաղադրիչ ունենք մեր ինքնության մեջ, բայց դրանում շատ փոքր տեղ է զբաղեցնում պետությունը: Դե դա պարզ է, մենք շատ երկար ժամանակ պետականություն չենք ունեցել, և պետականություն հասկացությունը չի արտացոլվել մեր գրականության, արվեստի մեջ»,– ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանում նույնը չէ, ինչը Ռուսաստանում է, այս առումով իրավիճակը ամբողջովին տարբեր է:

«Մեկ այլ կողմից, մեր ինքնության ուժեղ կողմերն են յուրահատուկ այբուբենը, յուրահատուկ լեզուն, յուրահատուկ եկեղեցին` Հայ Առաքելական Եկեղեցին: Սրանք ազգային տեսանկյունից մեզ հայ են պահում, բայց երբ պետության գաղափարը թույլ է, ինչ տարբերություն, հայ կլինես Ավստրալիայում, Լոս Անջելեսում, թե մեկ այլ տեղ: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ պետությունը ձևավորի ազգային բյուրոկրատիան, որը կդառնա այդ ինքնության կրողը: Դա վերջին 3 տարում չի եղել, մեթոդաբար քանդվել են պետական ինստիտուտները, այսինքն ինստիտուցիոնալությունը խանգարող հանգամանք էր դարձել այս իշխանության համար: Ամեն բան ավելի խորն է»,– ասել է նա:

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ հայերի համար շատ ավելի հեշտ է երկրից մեկնելը, քանզ կա մեծ սփյուռք: «Մեծ սփյուռքը մի կողմից լավ է, դա հսկայական ռեսուրս է, որը կարող է օգնել երկրի զարգացմանը, բայց եթե նրանք հիասթափված են երկրից, դա բերում է արտագաղթի մեծ ալիք, իսկ սփյուռքը վերածվում է հսկայական պատրաստի ենթակառուցվածքի, որը խթանում է այդ արտագաղթը: Այդ իսկ պատճառով մենք պետք է գրավիչ ու ձգող երկիր լինենք, հայկական աշխարհի կենտրոնը, բայց եթե համատարած հիասթափություն է տիրում Հայաստանի նկատմամբ, ապա այդ գործընթացը լրիվ հակառակ ուղղությամբ է շրջվում»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով