Սա ճանաչում է և վերջ, սա նաև հիմք է իրավական գործընթաց սկսելու համար․ Սուրեն Սարգսյանը՝ ԱՄՆ նախագահի հայտարարության մասին

 

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Գրառումը՝ ստորև․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ճանաչու՞մ: Ինչու՞ հիմա: Ի՞նչ դա կտա: Ի՞նչ ռիսկեր: Իրավական vs քաղաքական ճանաչում: Փորձել եմ պատասխաններ գտնել։

Ճանաչում

Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը քաղաքական հստակ գնահատական է, որն այսօրվանից համարվում է ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Սա ճանաչում է և վերջ: Սա նաև հիմք է իրավական գործընթաց սկսելու համար, ասենք օրենքի ուժով մերժումը արգելելու կամ ասենք ապահովագրական ընկերություններից կամ ամերիկյան բանկերում սառեցված միջոցներից փոխհատուցում ստանալու համար: Սա չի հանգեցնելու որևէ փոխհատուցման, քանի որ Թուրքիան չի ճանաչել իր մեղքը (տես Գերմանիայի և Հոլոքոսթի օրինակը):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեյգանը չէր ճանաչե՞լ

Ոչ, չէր ճանաչել: Խոսելով Հոլոքոստի մասին նա հղում էր տվել Ցեղասպանության վրա: Բայց 1982թ. ի վեր դա չդարձավ ԱՄՆ կառավարության դիրքորոշում: Ժամանակներն էին տարբեր, ԽՍՀՄ-ը կար, պահանջատիրությունը այդքան ազդեցիկ չէր, իսկ Քեն Խաչիկյանի կողմից գրված Ռեյգանի տեքստի պատմությունն այլ թեմա է։

Կարո՞ղ է վաղը այլ նախագահ հետ կանգնի ճանաչման փաստից: Տեսականորեն այո, բայց դա շատ քիչ հավանական է ու չափազանց բարդ:

Ինչու՞ հիմա

Շատերը փորձում են սա կապել Սյունիքի հետ, սակայն ես այլ դիտակետ էլ ունեմ: Սա ոչ թե արվել է որ մի բան տանեն, այլ արվել է քանի որ մի բան արդեն իսկ մեզանից տարել են:

1. 30 տարի ԱՄՆ-ն պնդել է, որ ԼՂ հարցում ռազմական լուծում չկա: Թուրքիայի միջամտությամբ Ադրբեջանը գնացել է ռազմական լուծման:

2. Թուրք-ամերիկյան հարաբերությունները պատմական մինիմումի վրա են:

3. Պատժում են Էրդողանին (պատկերացրեք սա ինչ նվեր է թուրքական ընդդիմության համար՝ 100 տարի կանխեցինք ճանաչումը, քո պատճառով ճանաչվեց):

4. Էրդողանին պատժում են Սիրիայի, Լիբիայի, Միջերկրական ծովի, քրդերի, Կիպրոսի, Հունաստանի և այլ բաների համար (հիշում եք չէ՞ պապական «այս հարցը մեծերի ձեռքում մանրադրամ է» խոսքը):

5. Իրավիճակի դասավորվածությունը շատ կարևոր է: ԱՄՆ շահը բնականաբար առաջնային է: Թուրքիային ճնշել պետք է: ԱՄՆ-ն ակտիվանում է արտաքին քաղաքական դաշտում: Ներքաղաքական դիսկուրսում Թուրքիան ծայրաստիճան բացասաբար է ընդունվում: Այս ամենը պարարտ հող են ձևավորում համայնքի ճիշտ աշխատանքի համար և համայնքն անցնում է գրոհի: Իսկ ընդհանուր աշխարհաքաղաքական միջավայրը բարենպաստ է:

Ռիսկեր

Կարող է՞ արդյոք Թուրքիան գազազել և ագրեսիվ բաներ անել: Միշտ էլ կարող է: Բայց այստեղ հետևյալ պատասխանը կա: Սա ԱՄՆ նախագահի խոստումն է իր քաղաքացիներին՝ ամերիկահայերին: Հայաստանն այստեղ կապ չունի: Մարդն իր ընտրողին բան է խոստացել ու արել է: Ամերիկացիներն ամեն ինչ արեցին, որ որոշումը շոկային չլինի: Տասնյակ զլմ-ներով «սլիվեր» կազմակերպեցին շաբաթներ շարունակ, Բայդենն էլ տեղեկացրեց իր մտադրության մասին Էրդողանին: Շոկային իրավիճակներում գործողությունները անկառավարելի են:

Ի՞նչ դա մեզ կտա

Սրա կապիտալիզացիան անծայրածիր է: Թուրքիայի նկատմամբ ճնշումներից, մինչև նախադեպ՝ այլ պետությունների հետ աշխատելու համար: Այսինքն՝ թուրքերը թիվ մեկ գերտերության կողմից որակվել են Ցեղասպան ժողովուրդ: Մնացածը կախված է մեր ունակություններից ու դիվանագիտությունից:

Փորձեցի հնարավորինս կարճ ու ամբողջական ներկայացնել իրավիճակը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով