Մահվան ելքով ավտովթար՝ Արմավիրում. Սարդարապատ գյուղում իրար են բախվել «Mercedes» և «Range Rover» մակնիշի ավտոմեքենաները, կա 1 զոհ, 1 վիրավոր

 

Երեկ՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամը 23:30 սահմաններում Սարդարապատ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Range Rover մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի  տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստկանության  2-րդ սպայական գումարտակի 1-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի  հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Դեպքի վայր է ժամանել նաև Արմավիրի քաղաքապետը:   Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և հատապես կարևոր գործերով ավագ քննիչ  Բաղդասար Կիրակոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Բ․ Կիրակոսյանի որոշամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Օպերատիվորեն ժամանել է նաև  ոստիկանության Արմավիրի  բաժնի հերթապահ խումբը՝  բաժնի պետի ծառայության գծով տեղակալի գլխավորությամբ:

 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

 

Վթարի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին. «Նշված հատվածում, ցանկանում ենք, որպեսզի տեղադրվեն  կամ արագաչափ, կամ  արհեստական անհարթություններ, ինչը զսպաշապիկ կլինի որոշ «վայ» վարորդների համար, ովքեր ավտոմեքենաներն այնպես են վարում, որ նույնիսկ կնախանձի Շումախերը։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նշված հատվածում տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, ու մեր խնդրանքն է, որպեսզի պատկան մարմինները այդ խնդիրը լուծեն։

Այդ փողոցով ոչ միայն ավագ սերնդի ներկայացուցիչներ են անցնում, այլ նաև երեխաներ, և խնդրում ենք, որպեսզի այդ խնդիրը լուծեն, ինչը մեծ լավություն կլինի բնակիչներիս, հակառակ դեպքում, եթե արագաչափ, կամ արհեստական անհարթությունները չտեղադրեն, վթարները կշարունակվի»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով