Լուսադեմին ոստիկանները Շուռնուխի գյուղապետի՝ հիվանդ պառկած եղբորը տարել են անհայտ ուղղությամբ

 

hraparak.am-ը  գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Գիշերը անհայտ ուղղությամբ տարել են Շուռնուխում իր տունը այրող, արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատին, բոլորին հայտնի Աշխարհապետին։ Նա Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի եղբայրն է։

Արշակյանը «Հրապարակի»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ ասելով միայն, որ առավոտյան լուսադեմին են եկել տարել եղբորը, որը տասը օրից ավելի է՝ անկողնում հիվանդ պառկած է, ու չգիտի՝ ուր են տարել, ինչի համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կարմիր բերետավորներն են տարել, չգիտեմ՝ ուր են տարել, որ ուղղությամբ են տարել, ինչի են տարել։ Տասը օրից ավել ա՝ էդ տղան հիվանդ պառկած է, սրսկումների մեջ, տեղաշորից վերցրել տարել են»,-ասաց Շուռնուխի գյուղապետը։

Հարցին՝ այդ բերետավորները չէի՞ն տեսնում, որ հիվանդ է, Արշակյանն ասաց․ «Դե, տեսել են, եթե 2 մետրանոց բոյը դարձել ա 1.40, հիվանդ մարդու վիճակը ո՞նց կլինի, որ էդպես տանում են»։

Իսկ չի՞ փորձել գնալ հետևից, որ հասկանա՝ ուր են տանում, Արշակյանն ասաց՝ չի գնացել, չգիտի էլ՝ ուր գնա, տեղեկություն չունի։ Փորձել է ճշտել, ասել են՝ Գորիսի բաժին չեն տարել, հավանաբար Երևան են բերել։

Ճշտեցինք նաև՝ ի՞նչ հիվանդությամբ էր պառկած եղբայրը, ի՞նչ էր պատահել, Հակոբ Արշակյանն ասաց՝ հավանաբար կորոնավիրուսով է վարակված։

«Թեստ չի հանձնել, բայց, ամենայն հավանականությամբ, կորոնա է, որովհետև մոտ մի շաբաթ՝ 39-ից չէր իջնում իր ջերմությունը»,-ասաց Շուռնուխի գյուղապետը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով