Իրենց նախագծի ձեռքը կրակն են ընկել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կրակն է ընկել «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ձեռքը: Բանն այն է, որ ՀՀ ֆինանսների նախարարության երկնած նախագծով կառավարությունն առաջարկում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային նոր ընդունված սահմանափակման փոխարեն կիրառել ժամային՝ առավել անհարմար եւ անհնարին սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում: Իհարկե, առաջին հայացքից թվում է, թե շատ դրական նախագիծ է, եւ բուքմեյքերական ընկերությունների գովազդի սահմանափակումը բերելու է նրան, որ քաղաքացիները խաղամոլությամբ չտարվեն, սակայն իրականում սահմանափակումներից հետո եռապատկվել է մոլախաղով զբաղվողների թիվը Հայաստանում։

Ու պարզվում է՝ ՀՀ կրթության, գիտության հանձնաժողովում գրեթե ոչ ոք ծանոթ չի եղել նախագծի բուն էությանը, բովանդակությանն ու ռիսկերին։ Եվ այդ պայմաններում նշված հանձնաժողովն առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունել է, հետո հասկացել, որ դրա կիրառումն իրականում ու վերահսկողությունը անհնարին է: Հիմա չգիտեն՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկացնենք, որ այսօր հանձնաժողովը նախագիծը պետք է երկրորդ ընթերցման ներկայացնի, բայց մենք տեղեկացանք, որ հանձնաժողովի նախագահը ու շատ անդամներ դեմ են, որ այն ԱԺ մեծ օրակարգ ներառվի երկրորդ ընթերցման ռեժիմով: Նշենք, որ մի խումբ լրատվամիջոցների խմբագիրներ առաջարկություններ են ուղարկել հանձնաժողովի ներկայացուցիչներին, որտեղ նշվել են այն փաստերը, ըստ որոնց՝ այդ նախագիծն անհնարին է ընդունել ու կիրառել: Հավելենք, որ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանն է լինելու նախագծի ներկայացնողը կառավարությունից, որը, կարելի է ասել, սպասում է գործադիրի առաջարկին՝ նախագիծը ԱԺ-ից հետ կանչելու եւ շրջանառությունից հանելու համար: Նույն հաստատմանը սպասում է նաեւ հանձնաժողովը` նախագահ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ: Տեսնենք՝ ինչով կավարտվի աղմուկ հանած օրենքի քննարկումը։

Մանրամասները՝«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով