Հիմնադրամը սկսել է Արցախի տուժած բնակչության վնասների փաստաթղթավորման գործընթացը․ ՄԻՊ գրասենյակ

ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«2020 թվականի նոյեմբերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայ իրավապաշտպան Աննա Աստվածատուրյան Թերքոթը (Anna Astvatsaturian Turcotte), ով նախկին փախստական է Բաքվից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է իր նախաձեռնության և Հիմնադրամի  մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Աննա Աստվածատուրյանը մեզ տեղեկացրել է, որ Հիմնադրամը սկսել է գործընթաց՝ ուղղված 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Արցախի տուժած բնակչության բժշկական, հոգեբանական, ֆինանսական և ֆիզիկական բնույթի վնասների փաստաթղթավորմանը:

Ըստ Ա. Աստվածատուրյանի՝ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքին աջակցելուց բացի, տվյալների հավաքագրման նպատակն էր նաև Արցախում տեղի ունեցած ավերածությունների ճշգրիտ ազդեցությունը պարզելու հարցում Արցախի և Հայաստանի կառավարություններին ու միջազգային մարդասիրական կազմակերպություններին աջակցություն ցուցաբերելը՝ տուժած ընտանիքներին օգնելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ Հիմնադրամի՝ հավաքագրված տեղեկատվությունն օգտագործվելու է հետևյալ երեք եղանակներով՝

Ստեղծել գիտելիքների հիմք՝ տուժած ընտանիքների կարիքների գնահատում իրականացնելու և նրանց սոցիալ-տնտեսական իրավունքների իրացմանն աջակցելու նպատակով.

Ներդնել իրավական կարգավորումներ՝ ուղղված 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ֆինանսական և անձնական վնասներ կրած հայերի վնասների հատուցմանը.

Հավաքագրված տեղեկատվությունն օգտագործել հետագայում հնարավոր պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման նպատակով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աջակցել է Աննա Աստվածատուրյանի այս նախաձեռնությանը տվյալների հավաքագրման համար մանրամասն հարցաթերթիկի մշակմանը, ինչպես նաև տրամադրել է համապատասխան խորհրդատվություն:

Ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է Ա. Աստվածատուրյանը, Հիմնադրամը հարցազրույցների համար արդեն աշխատանքի է ընդունել ավելի քան 100 աշխատակիցների՝ հարցազրուցավարների, որոնց համար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպել Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և Աննա Աստվածատուրյանի հետ համագործակցող մի շարք այլ կազմակերպություններ՝ առարկայական փորձաքննություն և ուսուցում առաջարկելու նպատակով:

Մասնավորապես՝ ինչպես նշել է Ա. Աստվածատուրյանը գործընթացի առաջին մի քանի շաբաթների ընթացքում հարցազրույցներ են անցկացվել մոտ 11.500 ընտանիքների հետ Արցախում և 2500 ընտանիքների հետ Հայաստանում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշված Հիմնադրամին և Աննա Աստվածատուրյանի գործընկերներին մաղթում է շարունակական հաջողություն: Մենք կարևորում ենք տիկին Աննա Աստվածատուրյանի ծավալած գործունեությունը և ակնկալում ենք առաջիկա շաբաթների ընթացքում ստանալ հավաքագրված տեղեկությունների վերլուծությունը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով