Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ և Լիբանանի Հանրապետության երիտասարդության և մարմնակրթության նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության մասին մտադրությունների նամակ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ու Լիբանանի Հանրապետության երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանն այսօր ստորագրել են երկու գերատեսչությունների միջև երիտասարդության ու սպորտի ոլորտում համագործակցության մասին մտադրությունների նամակ: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի խոսքով՝ այդ փաստաթուղթը նոր խթան է Հայաստանի և Լիբանանի միջև երիտասարդության ու սպորտի ոլորտում փոխգործակցության զարգացման համար:

«Հարգարժա՛ն տիկին նախարար, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ Ձեր պատմական հայրենիքում: Ուրախ եմ, որ կարողացանք արձանագրել հայ-լիբանանյան հարաբերությունները երիտասարդության և սպորտի ոլորտում զարգացնելու մեր մտադրությունը, ինչին, համոզված եմ, շուտով կհաջորդեն գործնական քայլերը: Այսպիսով՝ մենք վերահաստատում ենք Լիբանանի Հանրապետության հետ մեր բարեկամական հարաբերությունները և վաղեմի սերտ կապերն առավել ամրապնդելու և զարգացնելու պատրաստակամությունը»,- ասել է Վ. Դումանյանը և վստահություն հայտնել, որ փաստաթղթի ստորագրումը կնպաստի նաև լիբանանահայ համայնքի հետ կապերի ամրապնդմանը:

Վարդինե Օհանյանը շեշտել է, որ հպարտ է որպես Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի հատուկ ներկայացուցիչ Հայաստան այցելելու, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ մտադրությունների նամակ ստորագրելու կապակցությամբ:

«Շնորհակալ եմ և շատ ուրախ այս առիթի համար: Ցանկանում եմ ընդգծել մտադրությունների նամակի ստորագրման կարևորությունը և վստահեցնել, որ երկու պետությունների ու ժողովուրդների պատմական բարեկամությունը երկկողմանի համագործակցությամբ շատ ավելի կամրապնդվի հատկապես երիտասարդության և սպորտի ոլորտում: Այժմ Լիբանանի երիտասարդությունը լուրջ մարտահրավերներ և դժվարություններ ունի հատկապես աշխատաշուկայում. շատերը, չկարողանալով հայրենի երկրում օգտագործել իրենց ներուժը, արտագաղթում են: Ուստի հույս ունեմ, որ մեր երկրների միջև փորձառության փոխանակումը և այս փաստաթղթի գործնական կիրառումը երիտասարդներին կօգնեն հաղթահարել նաև այդ դժվարությունները»,- ասել է Վ. Օհանյանը և շնորհակալություն հայտնել գործընկերային հարաբերությունների համար:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և Լիբանանի Հանրապետության երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանը վստահեցրել են, որ մտադրությունների նամակի ստորագրման արդյունքները երկար սպասեցնել չեն տա:

Մտադրությունների նամակի ստորագրմամբ նախարարներն արտահայտում են երիտասարդության և սպորտի ոլորտում առկա համագործակցությունն ընդլայնելու իրենց մտադրությունը՝ հիմք ընդունելով փոխադարձության, փոխըմբռնման և փոխշահավետության սկզբունքները: Մտադրության նամակի իրագործման հետագա պայմանավորվածությունները լրացուցիչ կքննարկվեն կողմերի միջև:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով