Համապետական ծառատունկին ընդառաջ խորհրդակցություն Շրջակա միջավայրի նախարարությունում մարզպետների, մարզպետարանների ներկայացուցիչների և Երևանի փոխքաղաքապետերի մասնակցությամբ

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ մարզպետների, մարզպետարանների ներկայացուցիչների և Երևանի փոխքաղաքապետերի հետ խորհրդակցություն-քննարկում է անցկացվել, որին մասնակցել են նաև Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը։
Քննարկվել են Երևան քաղաքում և մարզերում համապետական ծառատունկը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ մի շարք օրակարգային հարցեր, գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ, քննարկվել են մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխմանը վերաբերող հարցեր։
Ողջունելով ներկաներին, նախարարը նախ ներկայացրել է «10 մլն ծառ» նախաձեռնության ընթացիկ իրավիճակը, ապա անդրադարձել այդ նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկին, հորդորել գործընկերներին անել հնարավորը՝ ծառատունկի աշխատանքներն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար։
Համապետական ծառատունկի ընթացքում նախատեսվում է․
✅ 100.000 տնկի, այդ թվում՝ վայրի խնձորենի, տանձենի և ընկուզենի հատկացնել Երևանի քաղաքապետարանին և հանրապետության խոշոր քաղաքներին ու համայնքներին՝ պուրակներում ու զբոսայգիներում ծառատունկ իրականացնելու համար,
✅ 200.000 տնկի տրամադրել մարզպետարաններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների և պետական գերատեսչությունների հետ համատեղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարկներում նախանշված տարածքներում տնկելու համար։
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը ներկայացրեց նախատեսված տնկանյութի բաշխումն ըստ մարզերի․
Ք․ Երևան – 25.000
Արագածոտնի մարզ – 7000,
Արարտի մարզ- 7000,
Արմավիրի մարզ – 6000,
Գեղարքունիքի մարզ –8000,
Կոտայքի մարզ – 10.000,
Լոռու մարզ-7000,
Շիրակի մարզ – 10.000,
Սյունիքի մարզ – 7000,
Տավուշի մարզ – 6000,
Վայոց ձորի մարզ – 7000։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը ներկայացրել է տնկվող ծառատեսակները՝ կաղնի, հացենի, թխկի, ընկուզենի, խնձորենի և տնկման համար նախատեսված տարածքներն ըստ հեկտարների։ Նա տեղեկացրեց, որ ՊՈԱԿ-ի մասնագետները պատրաստ են օժանդակել տնկման աշխատանքների վերաբերյալ խորհրդատվությամբ։
Քննարկվել են նաև տնկված ծառերի հետագա խնամքին վերաբերող հարցեր։
Նախարարը խնդրել է գործընկերներին պատշաճ իրազեկել հանրությանը՝ ծառատունկի անցկացման վայրերի և մասնակցելու եղանակների մասին՝ տրամադրելով համայնքային և անտառային տունկի համակարգողների կոնտակտները։
ℹ Հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակցել համապետական ծառատունկին, կարող են դիմել
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե՝ էլ հասցե՝ [email protected], հեռ․՝ (010) 65 17 38 կամ զանգահարել Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմ 098 888283 հեռախոսահամարով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով