Այս ձեռքբերման երախտիքը մեծապես Հայ դատի նվիրյալներին է պատկանում․ Իշխան Սաղաթելյանը՝ ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանություն ճանաչման մասին

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ  Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել՝ երախտիքի խոսք հղելով Հայ դատի նվիրյալներին, ում ջանքերով Սպիտակ տան վարչակազմն այսօր ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ամերիկայի Միացյալ նահանգների նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ-ն դարձավ և՛ օրենսդիր, և՛ գործադիր իշխանության մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններից մեկը։ Սա նշանակում է, որ էապես փոխվում է Թուրքիայի նկատմամբ Միացյալ նահանգների արտաքին քաղաքականությունը։ Պատմական այս ձեռքբերումը հնարավոր եղավ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի տասնամյակներ տևող անխոնջ ու նվիրական աշխատանքի արդյունքում։

Չնայած Հայաստանի ապաշնորհ իշխանությունները նախորդ երեք տարիների ընթացքում, ի թիվս այլ ուղղությունների, տապալեցին արտաքին հարաբերությունները նաև Միացյալ Նահանգների հետ, չնայած Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ պաշտոնական Երևանի անհոդաբաշխ հայտարարություններին` Սպիտակ տան վարչակազմը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Այս ձեռքբերման երախտիքը մեծապես Հայ դատի նվիրյալներին է պատկանում։ Սկսած 1944 թ., երբ Նյու Յորքում Դաշնակցությունը հիմնադրեց Հայ դատի համաշխարհային ցանցը, բազմաթիվ սերունդներ պայքարել են հենց այսօրվա համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այժմ, երբ իրականություն դարձավ Հայ դատի կարևոր նպատակներից մեկը, շնորհակալության խոսք պիտի հղենք Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ներկա ու նախկին պատասխանատուներին, ԱՄՆ ամբողջ տարածքում սփռված Հայ դատի հանձնախմբերին և ընդհանրապես ամերիկահայ համայնքին ու կազմակերպություններին։

Հատուկ ուզում եմ ընդգծել Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի առանցքային ու առաջնորդող դերը այս պայքարում։ Համոզված եմ՝ գրասենյակի գերհզոր ու մասնագիտական բարձր հատկանիշներ ունեցող թիմը մեզ դեռ նորանոր հաղթանակներ է պարգևելու, իսկ նախորդ շաբաթ, Հայոց ցեղասպանության պահանջով Սպիտակ տուն ուղղված ավելի քան մեկ միլիոն նամակները, դեռ երկար ժամանակ հիշվելու են սփյուռքի միջազգային դերակատարությունն ուսումնասիրող մասնագետների կողմից։

Վերջապես, կատարվածը մեկ անգամ ևս ցուցում է, որ ավելի քան 130-ամյա Դաշնակցությունը անխուսափելիորեն հասնում է իր նպատակներին՝ նույնիսկ եթե պահանջվի տասնամյակների աշխատանք։

Պայքարը շարունակվում է և, ի հեճուկս արտաքին ու ներքին թշնամիների, հետևողական աշխատանքով հասնելու ենք մեր ազգային իղձերի իրականացմանը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով