Առաջարկվում է ուսուցչական կադրերի համալրման նոր մեխանիզմ ներդնել

ՀՀ կառավարության ապրիլի 29-ի նիստում հավանություն է տրվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:

Առաջարկվում է «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր կետով, որի համաձայն՝ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու դեպքում տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև համապատասխան առարկայի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն (բակալավր, մագիստրոս, դիպլոմավորված մասնագետ) և մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը:

Մանկավարժության կրեդիտը, համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, տրվում է կրթության կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպության, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատու­թյան առաջարկած կրթական ծրագրին մասնակցելու միջոցով:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը սահմանված կարգով Ազգային ժողովում քննարկվելուց և ընդունվելուց հետո անհրաժեշտություն կառաջանա երկամսյա ժամկետում փոփոխություն կատարել նաև ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «ՀՀ հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հաստատելու մասին» N 1391-Ն որոշման մեջ:

Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման` օրենսդրական փոփոխության նպատակն ուսուցչական կադրերի համալրման և մասնագետների ընտրության այլընտրանքային տարբերակի ներդրումն է:

Առաջարկվող նոր մեխանիզմը որակյալ մրցակցության հնարավորություն կստեղծի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված՝ մի շարք առարկաներ արդյունավետ չեն դասավանդվում: Բացի դրանից՝ հանրակրթության ոլորտում մարդկային ռեսուրսների երիտասարդացման խնդիրն առաջնային է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով