Ռազմաբժիշկների առաքելությունը մարդասիրական է և չի ճանաչում ազգություն․ Պաշտպանն արձանագրել է հայ ռազմաբժիշկների կողմից ռազմագերիներին բացառիկ աջակցության օրինակներ

Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած զինվորների և քաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական բժիշկները ցուցաբերել են հատուկ վերաբերմունք և սրտացավություն։ Այս ամենն արձանագրվել է հոսպիտալներ   ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի  և նրա ներկայացուցիչների այցերի ժամանակ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շուրջօրյա դիտարկումներն այս հարցերով ցույց են տալիս, որ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի ռազմական բժիշկները հավատարիմ են իրենց մարդասիրական բարձր առաքելությանը:
Դրա մասին են վկայում ոչ միայն Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները, այլև քաղաքացիները, ովքեր իրենց դիմումներում հերոսական են համարում մեր բժիշկների կատարած աշխատանքը:
Պատերազմական գործողությունների ժամանակ շատ դեպքերում նրանք վերջինն են դուրս եկել ռազմական գործողությունների այն վայրերից, որտեղ ընթացել են ծանր մարտեր՝ օգնություն ցույց տալով կամ փրկելով մյուսներին: Պաշտպանն արձանագրել է ռազմագերիներին բացառիկ աջակցության օրինակներ։
Բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմը, անձնուրացությունը, գիշեր ու ցերեկ հոգատար աշխատանքը պետք է յուրաքանչյուրս բարձր գնահատի: Նրանց առաքելությունը մարդասիրսական է և չի ճանաչում ազգություն:
Իհարկե, ռազմաբժշկության ոլորտում կան նաև տարբեր խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է հետեւողական կոնկրետ քայլեր: Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում պատրաստակամ է ու մշտապես է աջակցում խնդիրների լուծմանը, ինչը բերում է տվյալ համակարգի զարգացմանը և նպաստում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր գործին:
May be an image of տեքստ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով