Գերիների անհապաղ վերադարձի հարցը Պաշտպանը ներկայացրել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և ճգնաժամի հարցերով Վրաստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորին։

 

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը: Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանն ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարվածություն առաջացնելու նպատակով:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պաշտպանը ներկայացրել է հետպատերազմական ժամանակահատվածում մարդու իրավունքների լուրջ խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո անթույլատրելի արագությամբ ընթացող սահմանների որոշման գործընթացի պատճառով:

Արման Թաթոյանն ընդգծել է, որ ոչ միայն չի դադարել, այլ նաև նոր զարգացումներ է ստացել Ադրբեջանում հայատյացությունն ու թշնամանքի հրահրումը։
Հանդիպման ընթացքում Պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությունն ու մասնավորապես՝ ընդգծել է համատեղ աշխատանքը մարդու իրավունքների երկխոսության ու մի շարք այլ ծրագրերի ֆորմատով: Պաշտպանը վերահաստատել է համատեղ աշխատանքի հանձնառությունը, որն ուղղված է ԵՄ աջակցությամբ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը ՀՀ-ում:
ԵՄ պատվիրակությունն իր հերթին ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դերը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում և Պաշտպանի հետ համագործակցության կարևորությունը:
Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են համատեղ աշխատանքի նոր ուղղություններ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով